20/11/2019 20:12
Կառավարությունը հանձնարարել է խորհրդակցել սփյուռքահայ շրջանակների հետ և համահայկական կառույցի ձևավորման առաջարկներ ներկայացնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում և այցը սկսել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն այցելությամբ:
Միաբանությունում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Ի պատասխան ազգային ինքնության գաղափարախոսության և Սփյուռք-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է շատ հարցերում Սփյուռքի հետ համագործակցությունը, բայց սփյուռքահայ շրջանակների ներգրավվածության առումով խնդիր է առաջանում։
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ հանձնարարել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարին՝ խորհրդակցել սփյուռքահայ հնարավորինս լայն շրջանակների հետ և համահայկական կառույցի ձևավորման առաջարկներ ներկայացնել։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հայկական պետականության հավերժականության հարցին և ընդգծել, որ աշխարհաքաղաքական գործոններից կախվածությունը հնարավորինս պետք է նվազեցնել, իսկ դրա համար մեզ պետք է ազգային նոր մտածելակերպ, նոր մոտեցում։