21/11/2019 16:15
Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում ներկայացվեց «More for Metsamor» կրթական նախագիծը (Տեսանյութ)
Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում «Ռոսատոմ» պետական կորպորացիան ներկայացրել է «More for Metsamor» («Ավելին Մեծամորի համար») կրթական նախագիծը: Ծրագիրն ուղղված է ժամանակակից կրթական ձևաչափերի հասանելիության կազմակերպմանն ու նպատակ ունի դպրոցը վերածել կրթական հանգույցի քաղաքի համար:
Ծրագրի շրջանակում կես տարվա ընթացքում կանցկացվեն հանդիպումներ Հայաստանի և Ռուսաստանի նշանավոր մարդկանց հետ, որոնք Մեծամորի երիտասարդության հետ կկիսվեն իրենց կայացման փորձով, հաջողության պատմություններով: Կկազմակերպվեն նաև ուսումնական ճամփորդություններ Հայաստանով, որոնք, անկասկած, հետաքրքիր ու օգտակար կլինեն երիտասարդների համար:
«More for Metsamor»-ի կարևոր փուլը գաղափարների մրցույթի շրջանակում դպրոցականներին իրենց նախագծերը ներկայացնելու հնարավորություն ընձեռելն է: Հաղթող նախագիծը կընտրվի քվեարկության եղանակով 2020 թ. և կիրականացվի «Ռոսատոմի» աջակցությամբ:
«Ռոսատոմը» գիտելիքների կորպորացիա է, և մենք միշտ կիրագործենք և կաջակցենք այնպիսի նախագծերին, որոնք ապագա մասնագետներին զարգանալու հնարավորություն կտան, քանի որ հենց նրանք են մշակելու և ներդնելու նոր տեխնոլոգիաներ ու նորարարություններ՝ նպաստելով տեխնոլոգիական առաջընթացին: Ընկերության հիմնական կապիտալը մարդն է, և հենց այդ պատճառով «Ռոսատոմը» աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք բարելավում են մարդկանց կյանքի որակը», - ծրագրի ներկայացման ժամանակ նշեց Ռուսական կողմից ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:
«More for Metsamor» նախագծի շրջանակում դպրոցում կստեղծվի նաև մուլտիմեդիա գոտի: Այն հնարավորություն կտա ինտերակտիվ դասեր անցկացնել, որոնք կմիավորեն ոչ միայն դպրոցի աշակերտներին, այլև քաղաքի բոլոր բնակիչներին:
Մանրամասները՝ տեսանյութում: