21/11/2019 11:17
ՀՀ քաղաքացիներն այսուհետ պետական սահմանը հատելու օրվանից Ղազախստանում կարող են գտնվել մինչև 90 օր
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Քաղաքացիներն, անկախ բնակության վայրից, իրավունք կունենան մուտք գործել, դուրս գալ, տարանցմամբ անցնել, տեղաշարժվել և մյուս կողմի պետության տարածքում գտնվել մինչև 90 օր՝ մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը նշեց, որ համաձայնագրի կնքումը կնպաստի երկու պետությունների միջև տարբեր բնագավառներում հարաբերությունների ու համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի Ղազախստանում գործունեություն ծավալելու համար: