21/11/2019 16:45
Խուզարկություն՝ դեղատանը, տնօրենը ձերբակալվել է (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 18-ին Հալաբյան և Արզումնայն փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղապատիճ։
Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածը դեղապատիճը գնել է Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկից։ Նոյեմբերի 19-ին ոստիկանության ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկեցին դեղատունը և հայտնբերեցին 56 հատ հոգեներգործուն դեղապատիճ։
Դեղատան տնօրենը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին ու ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնի դարձավ, որ նա հոգեներգործուն դեղապատիճները ձեռք է բերել Երևանի 44-ամյա մի բնակչից։
Վերջինս ևս հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։