21/11/2019 12:07
Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել է 210 նոր հանցագործություն
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ արձակված 660 դատապարտյալներից և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում հաշվառված 2833 շահառուներից 2019 թվականի նոյեմբերի 12-ի դրությամբ 99-ը կատարել են 210 նոր հանցագործություն, «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ գլխավոր դատախազությունից նշել են, որ ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացված հսկողություն իրականացնել համաներմամբ պատժի հետագա կրումից ազատված, ինչպես նաև նախաքննության և դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցված այն անձանց հետագա վարքագծի նկատմամբ, որոնք մեղադրվել են դիտավորությամբ կատարված հանրորեն առավել վտանգավոր արարքների համար եւ որոնց ազատության մեջ գտնվելու ընթացքում դրսեւորած վարքագիծը նախկինում աչքի է ընկել քրեածին բարձր ռիսկայնությամբ:
«Այս ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքներով կազմվել եւ ոստիկանություն է ուղարկվել արդեն իսկ պատժի կրումից ազատված, վերը նշված ռիսկերը պարունակող անձանց ցանկ՝ նրանց մշտական օպերատիվ տեսադաշտում պահելու, այդ անձանց մոտ հանցանք կատարելու նախահակվածությունը նվազագույնի հասցնելուն ուղղված համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար»,- ասել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: