22/11/2019 13:35
Այս պահին աշխատանքից ազատելու պատճառների մասին չեմ ուզում խոսել, որպեսզի թյուրիմացություն չլինի. Շահեն Հարությունյան
Ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ իրեն հեռացրել են Ազգային ժողովում աշխատանքից։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Շահեն Հարությունյանն ասաց, թե այս պահին չի պատրաստվում աշխատանքից ազատման պատճառների մասին խոսել:
Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանն ԱԺ-ում աշխատանքի էր անցել 2019-ի հունվարին՝ որպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի օգնական։
«Այս պահին կզբաղեմ դասերովս, ինչպես նաև կշարունակեմ իմ քաղաքական գործունեությունը՝ ակտիվացնելով «Ազգային նախաձեռնություն» կազմակերպությունը։ Դեռ ուսանող եմ, այս պահին ԵՊՀ 4-րդ կուրսում եմ սովորում։ Համատեղության կարգով և՛ աշխատում էի, և՛ սովորում։ Իսկ հիմա, այս ընթացքում էլ ավելի ուշադրություն կդարձնեմ դասերին, ընթացքում կտեսնենք, թե ինչ կլինի, ինչ հնարավորություններ կլինեն», - ասաց Շ. Հարությունյանը։
Իր գրառման մեջ Շահեն Հարությունյանը նշել էր, որ իրեն աշխատանքից ազատելու փաստարկները համոզիչ չէին։ Հարցին, թե ինչ խնդիր է եղել, Շահեն Հարությունյանը պատասխանեց.
«Ներանձնային կոնֆլիկտի մեջ չենք եղել, փաստարկներ են բերվել, որոնք ինձ համար համոզիչ չէին, դրա համար ես նախընտրեցի, որ ինքս դիմում չգրեմ, որովհետև տեսակով այնպիսի մարդ եմ, որ իմ համոզմունքների համար միշտ էլ վճռական եմ տրամադրված լինում և եթե իմ մտքով անցնել է, որ այդ փաստարկները համոզիչ չեն, ուրեմն նախընտրել եմ մնալ»:
Հայտնի է, որ Շահեն Հարությունյանը մտերիմ է Պետական վերահսկողության ծառայության լիզորությունները կասեցրած պետ Դավիթ Սանասարյանի հետ։ Հարցին, թե հնարավոր է, որ այդ ընկերական կապն է դարձել իրեն աշխատանքից ազատելու պատճառ, Շահեն Հարությունյանը պատասխանեց.
«Ոնց հասկանում եմ, Դավիթ Սանասարյանն էլ է իրենց հետ մտերիմ։ Չեմ կարծում, որ այս փուլում տեղին է այդ մասին խոսելը, այս պահին պատճառների մասին չեմ ուզում խոսել, որպեսզի թյուրիմացություն չլինի։ Հետագայում պատճառների մասին կխոսեմ»։