22/11/2019 11:07
Երևանում «գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ (Տեսանյութ)
Նոյեմբերի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
Նպատակը հասարակական կարգի ու երթևեկության անվտանգության ապահովումն էր։
Տարբեր իրավախախտումների համար կանգնեցվել են հասարակական տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուսներ։
Արդյունքում վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ։ Որոշ «Գազելների» վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 8 միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդները չեն ունեցել համապատասխան վարորդական վկայական։
Ուժեղացված ծառայությունները շարունակական են լինելու։
Նշենք, որ օրեր առաջ դերասան Արտյոմ Կարապետյանը տեսանյութ էր հրապարակել ու հայտարարել, թե Երևանի Դավիթաշեն համայնքում երթուղայինի վարորդը փորձել է կտրել իր պարանոցը:
«Հայաստանում շատ վտանգավոր է ապրելը, որովհետև օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ կարող է մի հատ խլնքոտ, թարախակալած գազելի «շոֆեռ» սալոնից դանակ, խանչալ ու էդպիսի մի հատ զենք հանի ու ուզենա իմ վիզը կտրի՝ ոչ ավել, ոչ պակաս՝ կնոջս աչքի առաջ»,-տեսանյութում մանրամասնել է Արտյոմ Կարապետյանը՝ ոստիկանությանը կոչ անելով հետևողական լինել: