22/11/2019 14:17
ԿԳՄՍ նախարարի կողմից դասախոսների ընդունելությունը պատշաճ չէր. ԵՊՀ ուսանողներ
ԿԳՄՍ նախարարի կողմից դասախոսների ընդունելությունը պատշաճ չէր, և կառուցողական երկխոսություն այդպես էլ տեղի չունեցավ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր համոզմունք հայտնեց ԵՊՀ հայ բանասիրության ֆալուլտետի ուսանող Իշխան Թովմասյանը։
«Նախարարն ասաց իր տեսակետները և գնաց։ Նա չլսեց՝ ինչ հակափաստարկներ կբերեին դասախոսները։ Նախարարն այնտեղ իրեն տանտեր էր զգում։ Հիմա էլ մենք ենք նրան սպասում ԵՊՀ-ում», - ասաց նա՝ շեշտելով, որ ուսանողները նախարար Արայիկ Հարությունյանի անձի դեմ ոչինչ չունեն։
Ասուլիսին ներկա ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանն իր հերթին հավելեց, որ իրենք և իրենց դասախոսները յուրօրինակ բժիշկներ են, որոնք սեփական մտահոգությունն են հայտնում հիվանդության, այս դեպքում՝ հայոց լեզվի վրա կործանարար ազդեցությունների մասին։
Վերջում ուսանողները նշեցին, որ սիրով կողջունեն իրենց միացած խորհրդարանական խմբակցություններին և հայոց լեզվի ճակատագրով մտահոգ ցանկացած մարդու, ինչը, սակայն, չի նշանակի, որ իրենք այս կամ այն կուսակցությանն են հարում։