23/11/2019 18:10
Հայտնի են Ադրբեջան այցելած հայ լրագրողների անունները
Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ, այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ադրբեջան են մեկնել Արցախի հանրային հեռուստատեսության մեկնաբան Էդգար Էլբակյանը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը և «Շանթ» հեռուստաընկերությունից Արտյոմ Երկանյանը։
Facebook-ի իր էջում Էլբակյանը գրել է, որ այցելության չորս օրերին իր և գործընկերների (Դավիթ Ալավերդյան, Արտյոմ Երկանյան) անվտանգությունը հոգալու էր մի երկիր, որի հետ հայկական պետություններն ունեն տասնամյակներ շարունակվող անվտանգային հակամարտություն։
Այցելության ընթացքում նրանք եղել են Բաքվում, Ղուբայում և Գանձակում (Գյանջա), հանդիպել մամուլի, հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ։
«Եղանք ամենատարբեր դիտարժան և ուշագրավ վայրերում։ Խիստ տպավորիչ էր վերադարձի ճանապարհը՝ Բաքվից գնացքով դեպի Գանձակ, իսկ այնտեղից՝ մեքենայով Ղազախով դեպի վրացական սահման․ թե՛ ուղևորության այս հատվածը, թե՛ առհասարակ ամբողջ քառօրյակը հետազոտական և քննական տեսանկյուններից ահռելի նյութ են տվել՝ ինչպես մարդաբանական-ազգագրական, այնպես էլ սոսկ ճանաչողական առումով», - նշել է Էլբակյանը։
«Հավատացնում եմ ձեզ՝ հայոց պետությունը տեղ ու գոյության հեռանկար չէր ունենա տարածաշրջանային քարտեզի վրա, եթե մենք տանուլ տայինք 1990-ականների պատերազմը։ Խիստ դրական, արդյունավետ ու ջերմ մթնոլորտում անցած մեր ուղևորությունը մի վերջնական անգամ համոզեց ինձ դրանում», - նշել է նա։
Էլբակյանը նաև լուսանկար է հրապարակել Բաքվի հին քաղաքում՝ հայտնի «Աղջկա բերդ» աշտարակի առաջ։