25/11/2019 14:58
Չինաստանի հետ վիզաների ազատականացման համաձայնագրում ռեադմիսիայի մեխանզիմներ դեռ ձևավորված չեն. փոխնախարար
2018թ.-ի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան 8430 քաղաքացի է մեկնել, իսկ Հայաստանից Չինաստան՝ 8450 քաղաքացի, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:
«2019թ.-ին նույն ժամանակահատվածում Հայաստան են այցելել Չինաստանի 14500 քաղաքացիներ: Սա այն պայմաններում, երբ գոյություն ունի վիզային ռեժիմ, տուրիզմի առումով մենք բավականին հետաքրքիր դինամիկա ունենք Չինաստանի հետ: Վիզաների վերացման արդյունքնում դրանք էլ ավելի բարձր կլինեն: Դրա հետ մեկտեղա ակնկալվում է նաև ընդլայնել տնտեսական համագործակցության օրակարգը», - ասաց փոխնախարարը:
Ադոնցի խոսքով՝ համաձայնագրով նախատեսված է առանձին կետ ռեադմիսիայի (հետ վերադարձ - հեղ.) համար .
«Ռեադմիսիոն կոմպոնենտը մեկ հոդվածով է նախատեսված: Մեխանզիմներ դեռ ձևավորված չեն, բայց այսօրվա դրությամբ դեռ անհանգստանալու տեղ չունենք», - ավելացրեց նա: