26/11/2019 11:29
«Իմ քայլ»-ի թեկնածուի օգտին 0 ձայն. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը
Կոռուպցիայի կանխարգելման նորընտիր հանձնաժողովն այսօր գումարեց անդրանիկ նիստը, որի օրակարգում հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն էր։
Հանձնաժողովի անդամներից Հայկուհի Հարությունյանը, Էդգար Շաթիրյանը ինքնաառաջրվեցին որպես հանձնաժողովի նախագահի թեկնածուներ։
Հիշեցնենք՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը»՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, և Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Ներկայացված 5 թեկնածուն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել էին խորհրդարանի կողմից:
Տեղի ունեցավ բաց քվեարկություն, հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը։ «Իմ քայլ»-ի ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանի օգտին ոչ ոք կողմ չքվեարկեց։