27/11/2019 12:51
Ղեկավարը չպետք է իր ցանկացած քայլ հիմնավորի, ես դրա իրավունքն ունեմ. ԵՊՀ ռեկտորի ժ/պ
ԵՊՀ գիտխորհրդում Հայոց լեզվի և Հայոց պատմության հարցը չի քննարկվել. դա եղել է գիտխորհրդի որոշումը, դասադուլ անող ուսանողների և լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը։
«Միաժամանակ, բոլորը՝ այդ թվում՝ ուսանողները և դասախոսները, ազատ են՝ իրենց կարծիքն արտահայտելու։ Խնդրել եմ, որ դասախոսները չասեն՝ «Միանում ենք ուսանողների առաջարկներին»։ Գիտակից, վաստակ ունեցող մարդիկ են. արժե, որ իրենց կարծիքն անվանական գրեն։ Չի բացառվում, որ դասախոսներից մեկի փաստարկն այնքան ուժեղ լինի, որ ձեր ուզածն անցնի, բայց կոլեկտիվ բողոքի ձևերը...», - ասաց ռեկտորի պաշտոնակատարը։
Գեղամ Գևորգյանը շեշտեց՝ ԵՊՀ ուսանողների դասադուլը պետք է ուղղված լիներ ուսման պայմանների բարելավմանը, մինչդեռ նրանց պահանջը քաղաքական է՝ ուղղված Ազգային ժողովին։
«Դուք ուզում եք օրենքում ինչ-որ բան ամրագրել», - ասաց նա։
ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանն ուղղեց Գևորգյանին՝ իրենք ուզում են, որ օրենքի նախագծի կետերը քննարկվեն համալսարանում։
«Մենք խնդրում ենք ԵՊՀ գիտական խորհրդի նիստում կետերը քննարկման դնել, որպեսզի իմանանք մեր բուհի դիրքորոշումը։ Մեր նպատակը թեման քննարկման առարկա դարձնելն է, ակցիաները Ձեր կամ ԿԳՄՍ նախարարի դեմ չեն», - ասաց Էդվարդ Գալստյանը։
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն իր հերթին ընդգծեց՝ ղեկավարը չպետք է իր ցանկացած քայլ պատճառաբանի կամ հիմնավորի։
«Ես գործում եմ օրենքի շրջանակում։ Ես կարող եմ գիտխորհրդի նիստ հրավիրել կամ չհրավիրել՝ ելնելով նպատակահարամարությունից. ես դրա իրավունքն ունեմ», - ասաց նա։