28/11/2019 11:12
Ոչ մեկը մեզ տեր չի կանգնում, մեր տղերքին կորցնելուց հետո մենք անտեսված ենք իշխանության կողմից. Մարգարիտա Խաչատրյան
Սևազգեստ մայրերը բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:
«Ոչ մեկը մեզ տեր չի կանգնում, մեր տղերքին կորցնելուց հետո մենք անտեսված ենք կառավարության և իշխանության կողմից», - ասաց «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ «Զինվոր» ՀԿ համակարգող խորհուրդն առաջարկում է զոհված և վիրավոր զինծառայողներին աջակցություն տրամադրել կառավարության սահմանած չափորոշիչներով՝ միանվագ 30 մլն դրամ:
Խաչատրյանը նշեց, որ կառավարությունում մասնակցել է քննարկումների, անգամ առաջարկել է, որ 30 մլն դրամի փոխարեն զոհված զինծառայողների անդամներին տրամադրեն կորակրողին կորցրածի միանվագ 240 հազար թոշակ, մինչդեռ դրական արձագանք չի ստացվել:
«Ես 30 մլն-ից էլ իջա, ասեցի, թող ժողովրդին թոշակով ապահովեն, թող ժողովուրդն էլ իմանա, որ իրանց պահանջը կառավարությունն ինչ-որ տեղ գնահատեց, բայց ես չարաչար սխալվել եմ, ոչ մի դրական պատասխան, լուծում չստացա», - ասաց Խաչատրյանը:
Նա նաև ասաց, որ պահանջում է ֆինանսների նախարարությունից հրապարակել այն հրամանագիրը, որի համաձայն մարտի 1-ի զոհերի ընտանիքներին հատկացվել է միանվագ աջակցություն, որպեսզի հասկանան, թե զոհված զինծառայողների ընտանիքներն ինչու չեն կարող օգտվել այդ հնարավորությունից: