29/11/2019 16:44
Պաշտպանության փոխնախարարը՝ 10 մլն դրամով զինծառայությունից ազատվելու նախաձեռնության մասին
Երբ 10 միլիոն դրամ վճարելու և բանակում մեկ ամիս ծառայելու նախագիծը քննարկվի «Իմ քայլը» խմբակցությունում, դրանից հետո պաշտոնապես կշրջանառվի, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Հիմա, դեռ մի քանի օր գործողության մեջ է սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների վերաբերյալ օրենքը։ Մենք, որպես կառավարություն, հայտարարում ենք, որ օրենքի գործողությունը չի երկարելու։ Այս տրամաբանության մեջ խնդրում եմ ըմբռնել Պաշտպանության նախարարության դիրքորոշումը», - ասաց նա։
Ճշգրտող հարցին՝ այսինքն՝ դիրքորոշումը բացասակա՞ն է, փոխնախարարը կրկնեց.
«Այսօր գործող օրենքը ՊՆ-ի դիրքորոշումն է։ Մենք բացասական դիրքորոշում ունենք գործող օրենքը երկարաձգելու վերաբերյալ։ Քանի որ չունեմ կառավարության վերջնական դիրքորոշումը, չեմ կարող հայտարարություն անել», - ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է մեկ ամսում բանակում արագացված ծառայություն անցնել, Բալայանը պատասխանեց. «Կախված զորատեսակից՝ ուսումնական փուլը առնվազն հինգ ամիս է տևում»։