29/11/2019 19:16
Վարչապետի հայտարարությունը, որ կառավարությանը հաջողվել է լուծել արտաքին քաղաքական խնդիրները, տարակուսանք է առաջացնում. փորձագետ
Վարչապետի հայտարարությունը, որ անցած 1.5 տարվա ընթացքում ՀՀ կառավարությանը հաջողվել է լուծել արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրներն, առնվազն տարակուսանք է առաջացնում: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Ռոզի Միքայելյանը՝ մեկնաբանելով Հայաստանի անվտանգության ռազմավարության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը:
«Վարչապետն իր ելույթում, որպես արտաքին քաղաքական լուծված խնդիրներ նշում է դիրքավորումն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, ՀՀ ժողովրդավարության կայունության ապահովումն ու սահմանադրական տրանսֆորմացիայի ավարտը: Առաջին հայացքից էլ պարզ է, որ նշվածներից միայն մեկն է արտաքին քաղաքական խնդիր, մյուսները՝ զուտ ներքին հարցեր են: Սակայն դա չէ միան զավեշտալի հանգամանքը», - ասել է փորձագետը:
Նա ընդգծել է, եթե վարչապետը խոսում է արտաքին քաղաքական խնդիրների մասին, ուրեմն պետք է խոսի մեր ռազմավարական գործընկեր, դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների որակի, Եվրամիության հետ երկխոսության առաջընթացի, այդ թվում՝ վիզաների ազատականացման մասին, ԱՄՆ հետ բացակայող օրակարգով համագործակցության, հարևան երկրներում տեղի ունեցող ճգնաժամերի և մեր՝ դրանց արձագանքելու ճկունության մասին:
«Լուծվա՞ծ են արդյոք այս խնդիրները: Եվ եթե այո, ապա ինչո՞ւ չենք խոսում դրանց մասին», - նշել է նա:
Փորձագետն անդրադարձել է նաև Արցախյան հակամարտության վերաբերյալ վարչապետի դիտարկմանը:
«Ուշագրավ է, որ վարչապետը սկզբից հայտարարում է, որ մենք չենք ձևավորել Արցախյան հակամարտության կարգավորման մեր տեսլականը, նպատակ է սահմանում և դեռ չի կարողանում լիարժեք բանակցային գործընթաց վերադարձնել Արցախը, բայց հետո պարզվում է, որ բանակցային գործընթացում կառավարությունը կարողացել է դիրքավորվել մեր ընթացիկ պատկերացումներին, ռազմավարական շահերին և նպատակներին համապատասխան: Ո՞րն է այդ դիրքավորումը՝ հայտարարելը, որ հակամարտության կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների՞ն: Կասկածում եմ, որ դա է մեր ռազմավարական շահն ու նպատակը», - ասել է նա: