30/11/2019 10:07
«Ժողովուրդ». Քննությունը պարզել է, որ զինվորին այդ պարանը տվել են
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ բացառիկ մանրամասներ են հասել օրերս Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում զինծառայող, շարքային Վահան Մուշեղյանի կախվելու առնչությամբ հարուցված քրգործից:
Հիշեցնենք` զինվորին նոյեմբերի 26-ի առավոտյան էին պարանով ծառից կախված գտել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պարանը, որով նա կախվել է, զորամասին չի պատկանել, առհասարակ զորամասում այդպիսի պարան չի եղել: Քննությունը պարզել է, որ զինվորին այդ պարանը տվել են, և իրավապահները տվողին գտել ու հարցաքննել են:
«Ժողովուրդ» օրաթերթին էլ հայտնի է պարանը տվողի ինքնությունը, բայց որքան էլ արտառոց է, թե ում ձեռամբ է պարանը հասել նրան, այնուամենայնիվ, նախաքննությանը չվնասելու նպատակով անունը չի հրապարակվում: Քրգործի շրջանակներում 30 հոգի՝ ներառյալ զորամասի զինծառայողներն ու հրամկազմը, հարցաքննվել են: Բոլորը միաբերան պնդել են, որ Վահանը հարգված, մաքուր զինվոր է եղել և զորամասում որևէ մեկի հետ խնդիր չի ունեցել: Վահանի բոլոր հարազատներին չէ, որ իրավապահները հարցաքննել են, դա կանեն, երբ նրա հուղարկավորությունից մի քիչ ժամանակ անցնի: