30/11/2019 19:25
Շինթույլտվություն «Ջերմուկ Գրուպ»-ին ձնամաքրման 5 մեքենայի դիմաց. Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտարարել է, որ հստակ տեղեկություններ ունի, որ սեպտեմբեր ամսին քաղաքապետարանի կողմից «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը տրվել են Արշակունյաց 18, 18/4, 18/5 և 18/10 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություններ, իսկ փոխարենը՝ 5 ձնամաքրման մեքենա։
«Մենք մինչ այս խոսում էինք աղբատար մեքենաների մասին, բայց արի ու տես, որ սա դեռ ամենը չէ։ Էլ ի՞նչ սպասենք ձեզանից, պարոնայք։ Սա համապատասխանու՞մ մ է իրականությանը։ 4 բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվությունը հավասար է 5 ձնամաքրման մեքենա։
Հետայսու, վստահ եղեք, յուրաքանչյուր շինթույլտվություն անցնելու է խոշորացույցի տակով։ Վերջին զարգազումները ցույց տվեցին, որ պետք չէ վստահել ընտրված քաղաքապետին, ցավոք։ Երկուշաբթի հարցում եմ ուղարկելու քաղաքապետին և պահանջեմ վերը նշված շենքերի թույլտվությունները», - Facebook-ի իր էջում գրել է Վարդանյանը։
Հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանին տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել, Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել էին դատախազության լրատվական ծառայությունից։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «Կամազ»-ներ են «նվիրել»:
Նա նշել էր, որ «Կամազ»-ների մի մասը նվեր է ստացվել Սամվել Ալեքսանյանի կողմից:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն, հերքել էր՝ ասելով, թե «Կամազ»-ները Սամվել Ալեքսանյանից չեն նվեր ստացել։