02/12/2019 19:43
Անդրանիկ Թևանյան. Այս իշխանությունը ոչ լեգիտիմ է իր ոչ կոմպետենտությամբ
Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ է։ Պոպուլիստները երբեք չեն կարող քաղաքական որոշում կայացնել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, արձագանքելով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ «Այս իշխանությունը ժամանակավոր է. հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի» վերտառությամբ գրառմանը։
«Քաղաքական որոշում կայացնելը նշանակում է պատասխանատվություն այդ որոշման կայացման և դրա հետևանքների համար։ Պոպուլիստը չի կարող քաղաքական որոշում կայացնել։ Դա պարզ էր դեռ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու հաջորդ օրը, երբ որդեգրվեց մի սկզբունք, համաձայն որի՝ պատասխանատվությունը թողնվում է բոլորի վրա, բացի Նիկոլ Փաշինյանից, իսկ բոլոր լիազորությունները վերապահվում են անձամբ իրեն», - ասաց Թևանյանը։
Նա նշեց, որ պատասխանատվությունից խուսափելու և որոշում չկայացնելու հարցը դրսևորվեց տարբեր ոլորտներում և տարբեր առիթներով, ապա հիշեցրեց վարչապետի հայտարարություններից մեկը, երբ նա հայտարարել էր, որ աղքատությունը մարդիկ իրենք պետք է հաղթահարեն, իրենց գլխում է աղքատությունը:
«Նա պատասխանատվություն չստանձնեց այդ հարցով։ Արցախի հարցով, ինչը Հայաստանի անվտանգության համար կարևորագույնն է, նույնպես հայտարարեց, որ դա ղարաբաղցիների, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների, փաստորեն՝ բոլորի վրա է որոշում կայացնելու պատասխանատվությունը, իսկ ինքը, քանի որ ղարաբաղցի չէ, ընտրված չէ, ուստի չի կարող որոշում կայացնել։ Բացի այդ, նա խոստովանեց, որ չի տիրապետում առարկային և իրեն ժամանակ է պետք հասկանալու համար, թե բանակցային գործընթացն ինչպես է ընթացել և այլն։ Եվ ցավալի էր, որ այս ընթացքում որպես ուսուցիչ նրա համար հանդես էր գալիս նաև Ալիևը։ Իհարկե, որպես պոպուլիստ նա հետագայում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», բայց միևնույն է, որոշման կայացման առումով ինքը որևէ պատասխանատվություն չի ուզում ստանձնել և պատահական չէ, որ շրջանառության մեջ է դրել հանրաքվեի գաղափարը։ Նա ասում է, որ ղարաբաղցիները պետք է որոշում կայացնեն, պարզվում է՝ նա պատրաստ է նույնիսկ ՀՀ քաղաքացիների վրա դնել որոշման կայացման պատասխանատվություն, բայց ամեն կերպ խուսափել որոշման կայացումից», - նկատեց Անդրանիկ Թևանյանը։
Նույնը, նրա խոսքով, նկատվեց նաև Ամուլսարի դեպքում։
«Նիկոլ Փաշինյանը չի կարողանում որոշում կայացնել, իսկ եթե կայացնում էլ է՝ ապա չի կարողանում կյանքի կոչել։ Դա պայմանավորված է նրա վախերով և պոպուլիստական էությամբ։ Նա փաստացի չի ուզում մտնել մի դաշտ, որտեղ կարող է խնդիրներ ունենալ։ Դա հենց հատուկ է որոշում չկայացնող իշխանությանը։ Իսկ եթե իշխանությունը որոշում չի կայացնում և ամեն ինչ իներցիայի է թողնում, ապա պարզ է, որ այդպես երկար շարունակվել չի կարող։ Պետությունը չունի այդպիսի ռեսուրս՝ պոպուլիստ և ոչ կոմպետենտ իշխանություն պահելու։ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները համարվել են օրինական, բայց լեգիտիմությունը ունի նաև երկրորդ կարևորագույն աղբյուր», - ասաց Թևանյանը՝ նշելով, որ բացի օրինական ընտրությունից, դա նաև իշխանության կոմպետենտությունն է՝ որոշումներ կայացնելու կարողությունը։
Այդ որոշումներն, ըստ նրա, պետք է լինեն որակյալ և արդյունքներ ապահովեն.
«Այս առումով մենք տեսնում ենք, որ բացարձակ դիլետանտիզմ է տիրում, իսկ դա նշանակում է, որ այս իշխանությունները միայն թատերական շոուներով և այլնով ժամանակ ձգելու քաղաքականություն են որդեգրել։ Թե ինչքանով դա իրենց կհաջողվի, կախված է նաև մեր հասարակությունից, մեր քաղաքական դաշտից և ներհայաստանյան օրակարգով առաջնորդվող քաղաքացիական հասարակությունից, ովքեր այլընտրանքային տարբերակներ կառաջարկեն հասարակությանը։
Ուշագրավ է, որ բոլոր այն հարցերը, որոնց վերաբերյալ Փաշինյանը որոշում է կայացնում ու պատասխանատվություն վերցնում, վերաբերում են անձամբ իր աթոռին ու հակաօրինական են՝ սկսած դատավորներին վրա ճնշումներից ու դատարանները շրջափակելու տխրահռչակ կոչից, մինչև «Կամազային» կոռուպցիան ու կադրային նշանակումները»։
Անդրանիկ Թևանյանը համոզված է՝ արդյունավետ և առողջ այլընտրանքի պարագայում այս իշխանությունը երկար չի կարողանա դիմադրել։
«Հասարակությունն արդեն կտեսնի, որ ճիշտ է, միգուցե մերժել էր նախորդ իշխանություններին և նոր ակնկալիքներ ուներ, բայց այս իշխանությունը չէ, որ պետք է ապահովի այդ նոր ակնկալիքները և հենց իրենք էլ ամեն օր ապացուցում են, որ չեն կարող Հայաստանի համար կոմպետենտ որոշումներ և զարգացման ուղի ապահովել։ Մեզ նոր որակի Հայաստան է պետք, նոր որակի առաջնորդությամբ», - նշեց նա։
Դիտարկմանը, թե կիսո՞ւմ է տեսակետը, որ այս իշխանությունը ժամանակավոր է. հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի, Անդրանիկ Թևանյանը պատասխանեց.
«Այս իշխանության հեռացումը, բնականաբար, լինելու է, դա անխուսափելի է, ուղղակի խնդիրն այն է, որ ժամանակը կախված է մեզանից։ Որքանով մենք համակարգային և առողջ այլընտրանք կառաջարկենք, այնքան ժամանակ էլ կտևի այս իշխանության գոյությունը։ Պետք է համակարգված ու հետևողական աշխատենք։ Այս իշխանությունը որդեգել է մի քաղաքականություն, որով փորձում է ցույց տալ, որ իր այլընտրանքն այն ուժն է, որը հեռացել է 2018-ին և դրանով փորձում է սև-սպիտակային տրամաբանությամբ կեղծ երկընտրանք առաջարկել հանրությանը։ Նախորդ տարվա մայիսից շատ չաանցած ժամանակն սկսել է աշխատել իրենց դեմ և մարդիկ այս մեկուկես տարվա ընթացքում տեսան, որ այդ կեղծ բաժանումները ընդամենը մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ են։ Իշխանությունները վախենում են նաև նրանից, որ իր այլտնտրանքը իրենց պարտադրած մոդելներից ու կազմից դուրս է լինելու։ Հնարավոր չի լինելու մարդկանց խաբելը և հներով վախեցնելը», - ասա նա։
Նշմարվո՞ւմ է դա՝ հարցին, Անդրանիկ Թևանյանը պատասխանեց.
«Ես տեսնում եմ այդ գործընթացները։ Ես կասեի ոչ թե անսպասելի, այլ՝ շատ սպասելի կլինի այս իշխանության հեռացումը։ Ինչ մնում է ժամկետներին, ապա այդ հարցը կախված է մի շարք գործընթացներից։ Հանրությանը պետք է ներկայացվի 3 բան՝ 1.Նոր որակի Հայաստան կառուցելու գաղափարներ, զարգացման ռազմավարություն, 2. այլընտրանքային թիմ, որը կարող է այդ գաղափարները կյանքի կոչել և 3. այլընտրանքային առաջնորդության որակ, որպեսզի մարդիկ տեսնեն, որ կառավարման մոտեցումներն էականորեն տարբերվելու են սրանց առաջարկածից»։