02/12/2019 20:35
Չափազանց կառուցողական լինելու ձգտումը կարող է Հայաստանին ադրբեջանական ծուղակը գցել. Փորձագետ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 4-ի հանդիպումը բավական բարդ ֆոնի ներքո է կայանալու: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը։
«Կողմերն ու միջնորդներն այսօր փորձում են վստահության կառուցման ուղղությամբ քայլեր ձեռնարկել, սակայն այդ մթնոլորտը հնարավոր չէ ձևավորել առանձին միջոցառումներով, քանի դեռ չի փոխվում Արդբեջանի հռետորաբանությունը: Այդ ուղղությամբ դրական քայլ համարվող լրագրողների փոխադարձ այցին անմիջապես հաջորդեցին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնք մեղադրանքներ էին պարունակում՝ ուղղված Հայաստանին և Արցախին և այդ թվում՝ վիրավորական արտահայտություններ Փաշինյանի հասցեին», - ասել է փորձագետը:
Նա այս գործընթացում անհամաչափ է համարում Հայաստանից և Ադրբեջանից հնչող հռետորաբանությունը:
«Այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է վերջնագրային հայտարարություններ անել և անցյալ տարին անվանում է կորցրած հնարավորությունների տարի, հայկական կողմը նախընտրում է զերծ մնալ գնահատականներից, շարունակում է խոսել Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծման մասին ու արտգործնախարարն էլ, մեկնաբանելով Ալիևի հայտարարությունները, փորձում է կենտրոնանալ դրականի վրա՝ շեշտելով կողմերի համատեղ հայտարարություններ անելու ունակությունը», - ասել է փորձագետը:
Վարդանյանի կարծիքով Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների օրակարգում լինելու է բանակցային գործընթացն առաջ մղելու հարցը, կարող է անդրադարձ լինել նաև համաձայնեցված վստահության միջոցառումների իրագործմանը:
«Նախօրեին ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ պետք է մտածել հակամարտող կողմերի տարածքում անազատության մեջ գտնվող անձանց պայմանների բարելավման մասին, ցույց է տալիս, որ այդ հարցն օրակարգում ակտուալ է դառնում: Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ հռետորաբանության պարագայում Արցախի հետ աշխատելու, լրագրողներին Արցախ ուղարկելու և արցախցի լրագրողներին ընդունելու համաձայնությունը Բաքվի կողմից դժվար էր ուղղակի բարի կամքի դրսևորում համարել: Բացառված չէ, որ դա Բաքվի փաթեթային մոտեցում է՝ ուղղված Արցախում իրենց պատիժը կրող երկու ադրբեջանցիների թեմային», - նշել է նա՝ ընդգծելով, որ այդ գործընթացը մեզ համար մի շարք խնդիրներ է պարունակում և դրա շուրջ բանակցությունները պետք է տարվեն անմիջապես Արցախի հետ:
Նա մտավախություն է հայտնել, որ չափազանց կառուցողական լինելու ձգտումը կարող է Հայաստանին ադրբեջանական ծուղակը գցել: