03/12/2019 10:43
Ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի չափանիշների ազատականացումը կարող է խնդիրներ առաջացնել. արդարադատության փոխնախարար
ԱԺ-ում ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնում քաղաքացիական անձի նշանակման հարցի բուռն քննարկումներից, քաղաքական մեծամասնության «կողմ» արտահայտվելուց հետո երեկ ի զարմանս ինձ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց նախագծին։ Սա իսկապես շատ զարմանալի էր, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ի սկզբանե տրամադրվածություն կար՝ նախագիծը մերժելու։ Բայց ԱԺ նախագահը հատուկ ելույթ էր ունեցել՝ նշելով, որ մեծամասնությունը կողմ է նախագծին», - ասաց Էդմոն Մարուքյանը։
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր հերթին հավաստիացրեց, որ նախագծի քննարկումների ժամանակ ներդրել են բոլոր ջանքերը՝ ազատականացնելու վերոնշյալ պաշտոնները։ «Բայց եկանք այն եզրակացության, որ առկա կանոնակարգումները թույլ չեն տալիս ունենալ լուծում, որը չի խարխլի գոյություն ունեցող համակարգերը», - ասաց նա։
Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն էլ իր հերթին ասաց, որ գործադիրը չի փոխել ուժային կառույցների պաշտոնների ազատականացման հարցի շուրջ դիրքորոշումը։
«Ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի չափանիշների ազատականացումը կարող է խնդիրներ առաջացնել ինչպես Սահմանադրության, այնպես էլ այդ կառույցների ներքին աշխատանքները կանոնակարգելու տեսանկյունից», - ընդգծեց նա։