03/12/2019 19:27
Ոստիկանությունը դարձել է քաղաքական մահակ ՀՀ իշխանություններին ընդդիմացող քաղաքացիների նկատմամբ. Սամսոնյան
ՀՅԴ ՀԵՄ նեկայացուցիչնբերի բողոքի ակցիան ցրելիս որոշ ոստիկաններ՝ մասնավորապես կարմիր բերտավորներ, ցուցարարներին լկտիաբար անվանել են «Սոսե մայրիկ», «ախչի», սպառնացել, որ կթքեն նրանց վրա, հարվածել են նրանց, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը։
Նա խոստացավ ավելի ուշ հրապարակել նշված ոստիկանների լուսանկարները և մեկ առ մեկ հանրությանը ծանուցել այն անձանց մասին, որոնք, նմանօրինակ վարք դրսևորելով, պարզապես իրավունք չունեն ոստիկան կոչվել։
«Վաղը ոստիկանության հետ կապված շատ կարևոր ուղիղ հեռարձակմամբ հանդես կգամ, որպեսզի հասկանաք՝ ինչու է քաղաքում այսպիսի «բարդակ» տիրում», - նշեց Սամսոնյանը՝ շեշտելով, որ ոստիկանների հիմնական թիրախն այսօր ոչ թե հանցագործներն են, այլ ցուցարարները։
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավարը նաև վստահություն հայտնեց, որ բիրտ ուժի կիրառումը սովորական է դառնալու։
«Ոստիկանություն չկա, ոստիկանություն կա, երբ ցույց է տեղի ունենում։ Ոստիկանությունը դարձել է քաղաքական մահակ ՀՀ իշխանություններին ընդդիմացող քաղաքացիների նկատմամբ», - ասաց Նարեկ Սամսոնյանն՝ ավելացնելով, որ ՀՀ քաղաքացիները գործ ունեն այնպիսի ոստիկանության հետ, որը ցանկացած պահի կարող է նրանցից յուրաքանչյուրին բերման ենթարկել։