03/12/2019 13:26
Երևանում աղքատության մակարդակը նվազել է, իսկ ՀՀ մարզերի քաղաքներում՝ աճել. ՏԶՆԿ
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է աղքատության մակարդակի փոփոխությանը 2017-2018թթ.-ին:
Այսպես, ըստ ՏԶՆԿ տարածած հաղորդագրության, 2018թ.-ին աղքատության մակարդակը 2017թ.-ի համեմատ նվազել է 2.2 տոկոսային կետով՝ կազմելով 23.5%: ՀՀ ՎԿ տվյալների համաձայն՝ ՀՀ բնակչության մոտ յուրաքանչյուր չորրորդի (շուրջ 700 հազար մարդ) ամսական սպառումը ցածր է եղել վերին աղքատության գծից՝ 42,621 ՀՀ դրամից:
Պարենային աղքատության գծից՝ ամսական 24,827 ՀՀ դրամ ցածր սպառման մակարդակ ունեցող ծայրահեղ աղքատ բնակչությունը կազմել է 1.0% (շուրջ 30 հազար մարդ), որը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.2 տոկոսային կետով: 2017թ.-ի համեմատ 2018թ.-ին ք. Երևանում աղքատության մակարդակը կրճատվել է՝ կազմելով 19.9%, մինչդեռ այլ քաղաքային բնակավայրերում աղքատության մակարդակը բարձրացել է՝ կազմելով 30.3%, ինչը նշանակում է, որ 2018թ.-ին Երևանից դուրս այլ քաղաքներում աղքատության մակարդակը գերազանցել է Երևանում գրանցված աղքատության մակարդակին 10.4 տոկոսային կետով:
Այս ցուցանիշները փաստում են այն մասին, որ, ընդհանուր առմամբ, 2018թ.-ին որոշակիորեն խորացել է տարածքային զարգացման անհավասարությունը ք. Երևանի և ՀՀ մարզերի քաղաքների միջև: 2018թ.-ին աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում՝ 42.2%, որին հաջորդել է Լոռին՝ 29.4%, իսկ ամենացածր մակարդակը գրանցվել է Արագածոտն մարզում՝ 16.2%, որին էլ հաջորդել է Սյունիքի մարզը՝ 16.7%:
Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում աղքատության մակարդակը 2017թ.-ի համեմատ նվազել է 2.2 տոկոսային կետով՝ կազմելով 23.5%: Ուշագրավ է, որ թեպետ Երևան քաղաքում աղքատության մակարդակը նվազել է 2.5 տոկոսային կետով, սակայն ՀՀ մարզերի քաղաքներում այն աճել է 2.4 տոկոսային կետով՝ կազմելով 30.3%: ՀՀ բնակչության բևեռացումն, ըստ եկամուտների ցուցանիշի և սպառման, ևս խորացել է, ինչը փաստում է, որ 2018թ.-ին ՀՀ տնտեսական աճը հավասար չափով չի նպաստել յուրաքանչյուր բնակչի կյանքի որակի բարելավմանը: