04/12/2019 15:17
Մահացած զինծառայողի հարազատները դադարեցնում են բողոքի ակցիան. գործի բացահայտումը վստահում են Անդրանիկ Քոչարյանին
Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցից հետո դադարեցնում են բողոքի ակցիան ԱԺ շենքի մոտ։
«Ես քննարկել եմ քննչական կոմիտեի ղեկավարության, ընտանիքի փաստաբանի հետ։ Ես հայտարարեցի, որ պաշտպանության հանձնաժողովը, հանձինս ինձ, ներգրավվում ենք այդ գործընթացի մեջ, որ ամեն ինչ լինի պատշաճ մակարդակի», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հարազատները հայտարարեցին, որ վստահում են Անդրանիկ Քոչարյանին, այդ պատճառով էլ դադարեցնում են ակցիան։
Քոչարյանը վստահեցրեց, որ հետագա բոլոր զարգացումներին լրատվամիջոցները տեղյակ կլինեն։
«Այս դեպքի հետ կապված որևէ մութ էջ չի մնալու։ Պարզվում է, որ այդ զորամասի հետ լուրջ անելիքներ ու վերլուծություններ անելու կարիք կա», - ասաց նա։
Դիտարկմանը, թե նշվում է, որ զինծառայողի վրա բռնության հետքեր կան, Անդրանիկ Քոչարյանը հայտեց, որ դեպքը որակված է սպանություն, ինչն արձանագրված է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր հայտարարել էր, թե այն տեղեկությունները, որ իրեն հայտնի են, չի կարող հիմա հրապարակել։
«Երկու մեր զինծառայողները, ովքեր ներգրավված են եղել այդ միջադեպում, երկուսն էլ բացառապես դրական են բնութագրվել, ինչը շատ հազվադեպ է լինում», - ասել էր նա։
Քննչական կոմիտեն այսօր ևս մեկ հաղորդագրությամբ հանդես եկավ՝ նշելով, որ վերցվել են մարտական դիրքի տեսախցիկների տեսագրությունները, կվերծանվեն նաև Արթուր Աջամյանի բջջային հեռախոսի միացումները։