04/12/2019 16:37
Իշխանության օրակարգը չի համապատասխանում երկրի մարտահրավերներին. Գեղամ Նազարյան
Գործող իշխանությունների խնդիրը ոչ թե որոշում ընդունելու կարող կամ անկարող լինելու մեջ է, այլ այն, թե մեր երկիրը ինչ մարտահրավերների առաջ է կանգնած, իսկ իշխանություններն ինչ օրակարգ են ուզում թելադրել ժողովրդին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանն՝ արձագանքելով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գրառմանը, որտեղ նշվում էր, որ այս ռեժիմի ժամանակավորության թիվ 1 լակմուսը որոշում ընդունելու անկարողությունն է։
«Խնդիրն, իմ կարծիքով, այն է, որ գոյություն ունի առկա հիմնախնդիրների և իշխանությունների կողմից առաջարկվող օրակարգերի խիստ տարբերություն, որը չի համընկնում և որը բերում է շատ լուրջ խնդիրների։ Երբ առկա խնդիրը լուծելու, գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու փոխարեն մեզ առաջարկում են ինչ-որ օրակարգեր, որոնք ոչ միայն չեն համապատասխանում առկա իրավիճակին, այլ նաև երկրորդական են, կամ ընդհակառակը, ավելի են խորացնում այդ մարտահրավերները։ Նման դեպքերում սկսում են հնչել կարծիքներ, որ այս իշխանություններն ի վիճակի չեն որոշումներ կայացնել, կամ կայացնում են այնպիսի որոշումներ, որոնք բերում են ավելի լուրջ խնդիրների առաջացման», - ասաց Գեղամ Նազարյանը։
Նա նշեց, որ շատերի մոտ կա մտահոգություն, որ իշխանությունները չտեսնելու են տալիս այն խնդիրները, որոնք գոյություն ունեն.
«Հրապարակելով թվեր, իրենք փորձում են այդ պատկերը փոխել, ներկայացնելով բոլորովին այլ իրականություն, որից էլ առաջանում են նոր խնդիրներ։ Իշխանությունները նախ պետք է ձգտեն տեսնել, ընդունել, առկա խնդիրները, հետո արդեն իրենց օրակարգերը ներկայացնեն, որոշումներն էլ բխեն հենց դրանից, և ոչ թե հանկարծ հիշեն, որ գիտության և կրթության զարգացմանը խանգարում է միայն այն, որ բուհերում մեկ կամ երկու ժամ հայ գրականություն և հայոց լեզու են դասավանդում»։
Պարզապես թվեր հրապարակելու և օրակարգ չունենալու պատճառն, ըստ Գեղամ Նազարյանի, այն է, երբ երկրում չկան իրական տեղաշարժեր։
«Երբ չկան իրական տեղաշարժեր, երբ երկրի ամենալուրջ ձեռքբերումն այս մեկուկես տարվա ընթացքում որոշ ճանապարհների ասֆալտապատումն էր, և ոչ թե կառուցումը, կամ ինչ-որ ավիաընկերության մուտքը Հայաստան, որը դեռ չի էլ եղել և բավական վիճահարույց խնդիրներ է առաջացրել, և երբ որպես հաջողություն այս երկու արդյունքներն են ներկայացվում, բնականաբար, արդեն առաջանում է անդադար թվեր հրապարակելու մոլուցքը, 7.5 տոկոս տնտեսական ակտիվություն, 2 տոկոս աղքատության կրճատում, կյանքի որակի բարելավում և այլն։ Երբ լինեն իրական տեղաշարժեր, իրական տնտեսական հեղափոխություն, այս թվերը որևէ մեկը չի էլ հրապարակի, որովհետև արդեն դրա անհրաժեշտությունը չի լինի», - նկատեց Գեղամ Նազարյանը։