04/12/2019 13:29
Թող մտածեն մարդկանց մատից փուշ հանելու մասին, ոչ թե ասեն՝ թագաժառանգը կոստյում հագած չէր, «գալստուկ» կապած չէր. Ծառուկյան
Անօրինական շինարարությունն այն է, երբ որևէ փաստաթուղթ չկա, ու դու շինարարություն ես անում. հյուրանոցի շինթույլտվությունը տրված է, մնացել է, որ «Կեմպինսկին» հարկերի բաժանումն անի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությանը, որ Աբովյան փողոցում իրեն պատկանող ընկերությունը հյուրանոցի 3 հարկ կառուցելու թույլտվություն չի ունեցել:
«Ես ցույց տվեցի քաղաքապետի ստորագրությամբ ԱՊԶ-ն՝ 11 հարկի համար, հետին մասը՝ շարունակելի», - կրկին շեշտեց ԲՀԿ ղեկավարը։
«Թող մտածեն մարդկանց մատից փուշ հանելու մասին, ոչ թե ասեն՝ թագաժառանգը կոստյում հագած չի եղել, «գալստուկը» կապած չի եղել, դրա համար չեն ընդունել: Կամ էլ թե չէ՝ թագաժառանգը չէր, թագավորի մյուս տղան էր: Ամոթ է, այս ձևով երկիր չի կառուցվի, ես բոլորի փոխարեն ամաչում եմ: Այս ամենին նայելով՝ ես էլ եմ հիասթափվում, չեմ ուզում շարունակեմ», - ընդգծեց Ծառուկյանը:
Ի պատասխան լրագրողների՝ այլ պարզաբանումներ ներկայացնելու խնդրանքի, ԲՀԿ առաջնորդը նշեց. «Գնացեք իմ կառավարչին տեղյակ պահեք, ես բաժնետեր եմ, և դա ինձ չի էլ հետաքրքրում»:
Մեկ այլ հարցի՝ ո՞վ է ի վերջո տվել հյուրանոցի կառուցապատման շինթույլտվությունը, ԲՀԿ առաջնորդը հստակ պատասխան չտվեց՝ միայն հիշեցնելով, որ անցած տարվանից հյուրանոցի շինարարությունը դադարեցվել է։