04/12/2019 14:11
ՀՅԴ ՀԵՄ անդամը հրաժարականի դիմում և մետրոյի ժետոն փոխանցեց Արայիկ Հարությունյանին
ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը «Բարձրագույն կրթության մասին» օրենքի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք հայոց լեզուն պետք է ակադմիական առարկա լինի։
«Եթե պետք է լինի, ապա ապահովողն ո՞վ պետք է լինի։ Նախարարությունն արդյոք չպետք է հետամուտ լինի այս հարցի լուծմանը։ Ինչ վերաբերում է բուհերի ինքնավարությանն ու ակադեմիական ազատութանը, ինչո՞ւ եք ավելացնում նախարարության կողմից նշանակվող մարդկանց քանակը», - հարց ուղղեց դաշնակցական երիտասարդը։
Քրիստինե Վարդանյանը միաժամանակ հույս հայտնեց, որ նախարար Արայիկ Հարությունյանը երեկ տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո հանգիստ քնել է։
Այնուհետև նա առաջարկեց նամակ հանձնել նախարարին և դուրս գալ քննարկումից, ինչին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն այդ արարքն անհարգալից վերաբերմունք որակեց՝ նշելով, որ չի պատրաստվում պատասխանել նամակում տեղ գտած հարցերին։
«Ես նամակով Ձեզ էի փոխանցում Ձեր հրաժարականի դիմումը և ժետոն, որ այսօր մետրոյով տուն գնաք և տեսնեք՝ ինչ է կատարվում։ Այս պատերի հետևում Դուք կտրվել եք իրականությունից», - ասաց Քրիստինե Վարդանյանը։
Նախարարն ի պատասխան նկատեց. «Առնվազն մեկ-երկու ժամ ինձ կտեսնեք քաղաքի կենտրոնում զբոսնելիս, այնպես որ կարող ենք հանդիպել։ Ինչ վերաբերում է քնելուն, ապա մինչև նախարար նշանակվելն էլ լավ չէի քնում։ Առավել ևս նախարար նշանակվելուց հետո քունն ու հանգիստն էլ ավելի խանգարվել են, որովհետև ծանոթացել եմ ՀՅԴ-ի թողած ժառանգությանը։ Անկախ նրանից՝ երեկ ինչ է տեղի ունեցել, իմ հանգիստն ու քունն այլ դրսևորումներ չեն ունեցել», - հավաստիացրեց նա։