04/12/2019 11:30
Տնտեսվարողները պատրաստ չեն մեկ օրով շրջիկ առևտուր կազմակերպել. սա անլուրջ օրիանգիծ են համարում. Սերգեյ Բագրատյան
Շրջիկ առևտրի կետերի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումներն առաջակվում է վերապահել ավագանուն, ԱԺ-ում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց հարցով զեկուցող «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Նա նկատեց, որ նախագծով առաջարկվում է շրջիկ առևտրի կարգավորման հարցը վերապահել Երևանի ավագանուն: Վերջինս էլ կորոշի, թե մայրաքաղաքի որ հատվածներում և ինչ ժամերի թույլատրել շրջիկ առևտուրը: Նախագծով առաջարկվում է շրջիկ առևտրի համար սահմանել 50 հազար դրամ տեղական տուրք:
Պատգամավորների համար քննարկումների առիթ դարձավ շրջիկ առևտրի համար նախագծում առաջարկված ժամկետը՝ մեկ օր:
Գաբրիելյանն ասաց, որ տնտեսվարողը կստանա մեկ ամիս թույլտվություն այդ ընթացքում տարբեր վարչական շրջաններում շրջիկ առևտուր անելու համար:
«Իմ քայլի» պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը նշեց, որ եթե 6 ամսից պակաս ժամկետով լինի առևտրի իրավունքի տրամադրումը, ապա ստացվում է, որ ամեն ամիս նոր տեղ տեղափոխվելուց հետո տնտեսավարողները պիտի ՀԴՄ հանեն հաշվառումից և նորից գրանցեն. «Կարծում եմ՝ Հարկային օրենսգրքում պիտի փոփոխություն կատարենք ու առանց հասցեի գրանցում թույլատենք շրջիկ առևտրի կողմից»:
Գաբրիելյանը նկատեց, որ տնտեսվարողները խնդիր չեն տեսնում մեկ օր վարչական տարածքում շրջիկ առևտրով զբաղվելու համար:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը չհամաձայնեց՝ պնդելով, որ ինքն անձամբ խոսել է շրջիկ առևտրով զբաղվող մարդկանց հետ և նրանք դժգոհ են նման կարգավորումից:
«Իրենք պատրաստ չեն մեկ օրով առևտուր կազմակերպելու: Համարում են, որ անլուրջ օրիանգիծ է, գտնում են, որ առնվազն մեկ ամիս պիտի լինի այս ժամկետը, որովհետև այսօր Հրապարակ, վաղը Բանգլադեշ, հետո Չարբախ… ուղղակի տանջելու ենք մարդկանց», - ասաց Բագրատյանը:
Հարցով հարակից զեկուցող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ նկատեց, որ եթե լսեն տնտեսվարողներին, ապա նրանք կարող ենք նաև մեկ տարի ժամկետ պահանջել, մինչդեռ պիտի հասկանան, որ շրջիկ առևտուրը պիտի լինի մեկօրյա ռեժիմով, այլապես այն շրջիկ չի կարող համարվել:
«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ևս չհամաձայնեց այս մտքին՝ խնդրելով հստակեցնել, թե ինչու ոչ գոնե մեկ շաբաթ. «Ով ասեց, որ շրջիկ առևտուրը մի օրն է, ինչո՞ւ ոչ երկու օր: Հասկանում եմ, որ շրջիկ առևտուրը դե ֆակտո չպետք է մշտական առևտրի վերածվի, բայց ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է այդ սահմանագիծը անցնում մեկ օրվա հատվածով: Հիմնավորեք՝ ինչո՞ւ եթե դառնա երկու օր, տրամաբանությունը խաթարվելու է»: