04/12/2019 15:47
Մահացած զինծառայողը հարազատներին ասել է, որ եթե ուզում են որևէ մեկին սպանել, տանում են դիրքերում են սպանում. Իրավապաշտպան
Արցախում զինծառայողի մահվան գործով դատաբժշկական փորձաքննոթյան պատասխանը պատրաստ կլինի մոտ մեկ ամսից, լրագրողների հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Հայարփի Սարգսյանը, ով ստանձնել է մահացած զինծառայող Արթուր Աջամյանի իրավահաջորդների շահերի պաշտպանությունը։
Նա ասաց, որ դիակի վրա բռնության հետքեր կան։
Հայարփի Սարգսյանը նշեց, որ զորամասում, որտեղ կատարվել է դեպքը, այլ պատմություններ էլ կան։
«Այդ զորամասի հետ կապված ունեմ այլ քրեական գործեր: Այդտեղ էր նաև զինվորի նկատմամբ սեռական ոտնձգություն տեղի ունեցել, այդտեղ էր նաև Յուրիկ Բրոյանի նկատմամբ ծեծը, այդտեղ էր նաև Հրանտ Մանգասարյանը պայթել պահեստում ու այդտեղ կան բազմաթիվ այլ գործեր», - ասաց իրավապաշտպանը։
Հայարփի Սարգսյանի խոսքով, վիրավոր զինծառայողը հայտնաբերվել է խրամատում, իսկ մահացածը՝ փոսում։
«Իմ վստահորդը հրազենային վիրավորում է ունեցել, ճակատից կրակել են, ծոծրակից դուրս է եկել, ինքն իրեն չէր կարող նման վնասվածք պատճառել», - ասաց նա՝ նշելով, որ ճակատի, ձեռքերի ու ոտքերի հատվածում կան բռնության հետքեր՝ նաև՝ տարբեր վաղեմության։
Հայարփի Սարգսյանն ասաց, որ մահացած զինծառայողը հարազատներին գանգատներ է ներկայացրել։
«Իր հարազատներին դժգոհել է, նշել է, որ խնդիրներ կա դիրքերում: Եթե ուզում են որևէ մեկին սպանել, տանում են դիրքերում են սպանում։ Այդ զորամասում դժոխային վիճակ է տիրում», - ասաց իրավապաշտպանը։
Այսօր զինծառայողի հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի շենքի դիմաց։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցից հետո նրանք հայտարարեցին, որ դադարեցնում են ակցիան ու գործի բացահայտումը վստահում են Անդրանիկ Քոչարյանին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր հայտարարել էր, թե այն տեղեկությունները, որ իրեն հայտնի են, չի կարող հիմա հրապարակել։
«Երկու մեր զինծառայողները, ովքեր ներգրավված են եղել այդ միջադեպում, երկուսն էլ բացառապես դրական են բնութագրվել, ինչը շատ հազվադեպ է լինում», - ասել էր նա։
Քննչական կոմիտեն այսօր ևս մեկ հաղորդագրությամբ հանդես եկավ՝ նշելով, որ վերցվել են մարտական դիրքի տեսախցիկների տեսագրությունները, կվերծանվեն նաև Արթուր Աջամյանի բջջային հեռախոսի միացումները։