04/12/2019 22:08
Արայիկ Հարությունյանի տեղակալի հետ ԱԱԾ բերման ենթարկվածը «Լոկոմոտիվ» ակումբի նախագա՞հն է. մանրամասներ
Aysor.am-ի տեղեկություններով՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի հետ միասին ԱԱԾ բերման է ենթարկվել Երևանի «Լոկոմոտիվ» ակումբի նախագահ Հրաչյա Քանանյանը:
Aysor.am-ի թղթակիցը կապ է հաստատել թիմի պետ Միքայել Սաֆարյանի հետ, ով, սակայն, նշեց, որ մամուլից է տեղեկանում այդ մասին:
«Ես ներկա պահի դրությամբ ինֆորմացիայի չեմ տիրապետում, ինֆորմացիային տեղեկացել եմ կայքերից: Եթե ինչ-որ ինֆորմացիա իմանամ, տիրապետեմ, անպայման ձեզ կզանգահարեմ», - ասաց Միքայել Սաֆարյանը:
Հիշեցնենք՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ-ն այսօր բերման է ենթարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին, վերջինիս վարորդին ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:
Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: