04/12/2019 11:01
Շեյխը Հայկ Մարությանի հետ հանդիպումից զգացել է՝ իրենք նրա համար հաճելի մարդիկ չեն. Ծառուկյան
Մարդկանց պետք է թույլ տալ ներդրումներ անել, թե չէ դերի մեջ մտնելով՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությամբ թղթեր ցույց տալ, ճիշտ չէ, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբու Դաբիի թագաժառանգի՝ Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռանալու թեմային։
«Քարոզարշավի ժամանակ Հայկ Մարությանը, դոշ ծեծելով, խոստումներ էր տալիս, իսկ այսօր թող իր խոստումներն իրականացնի։ Մենք ուզում ենք աջակից լինել, ոչ թե խանգարել։ Թե չէ ստացվում է՝ շեյխը չի եկել։ Թող դատարկ-դատարկ չխոսեն, թող օդանավակայանում նայեն. ապրիլի 26-ին շեյխն իր ինքնաթիռով 18 հոգով եկել է Հայաստան։ Հարկավոր է հարգալից լինել, իսկ շեյխն ասել է, որ Հայկ Մարությանի հետ հանդիպումից զգացել է՝ իրենք նրա համար հաճելի մարդիկ չեն», - ներկայացրեց Գագիկ Ծառուկյանը։
Անդրադառնալով Երևանի քաղաքապետի՝ երեկ հնչեցրած այն հայտարարությանը, որ հանդիպման ժամանակ ինչ-որ պահից սկսած պատվիրակության անդամների հեռախոսներին սկսել են զանգեր գալ, և նրանք անկաշկանդ իրենց լեզվով պատասխանել են, Գագիկ Ծառուկյանը բնականոն համարեց։ Նա, մասնավորապես, նշեց, որ զանգահարել է թագավորը, ում զանգերին հնարավոր չէր չպատասխանել։