04/12/2019 12:24
Բացառում եմ, որ կարող է որևէ ապօրինի գործընթաց տեղի ունեցած լինել. Իվետա Տոնոյան
Որևէ խնդիր, որևէ հարց բարձրաձայնելուց առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյնաը ունենում է դրանց բոլոր հիմնավորումները և անհրաժեշտ փաստարկները, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Նախ, սկսենք նրանից, որ իր հարցազրուցում պարոն Ծառուկյանը չէր անդրադարձել որևէ շինարարության, որն իրականացվում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կողմից։ Փոխանակ հասցեական կամ բովանդակային որևէ հարց քննարկելու, Երևանի քաղաքապետը նախապատվոթյունը տալիս է տարատեսակ թեմաների արծարծմանը։
Ինչ վերաբերում է Աբովյան փողոցում ընթացած շինարարությանը, քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ ստորագրել է այդ շինության նախագծման թույլտվությունը։ Իսկ նախագծման թույլտվությունը 99 տոկոսանոց շինթույլտվության համար անհրաժեշտ փաստաթուղթն է», - ասաց պատգամավորը։
Լրագրողների դիտարկմանը, որ ըստ քաղաքապետի՝ Աբովյան փողոցում կառուցվող հյուրանոցի առաջին երկու հարկերը բարձրացվել են առանց շինթույլտվության, Իվետա Տոնոյանը խնդրեց մանրամասների համար դիմել ճարտարապետներին։
«Նախագծման թույլտվություն տրվել է 11 հարկանի հյուրանոց կառուցելու մասով։ Ես բացառում եմ, որ կարող է որևէ ապօրինի գործընթաց տեղի ունեցած լինել», - հավաստիացրեց պատգամավորը։