05/12/2019 17:15
Խցանումների նվազեցման մասով քննարկումներն ընթացքում են, ինչ-որ ժամանակ հետո դրանք կհանրայնացվեն. Ջանջուղազյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ԱԺ-ում 2020 թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից, թե ինչո՞ւ են մերժվել իրենց առաջարկներն՝ ուղղված Երևանում խցանումների նվազեցմանը:
Պատգամավորը խնդրեց մանրամասնել՝ ի՞նչ է նշանակում նախարարությունից ստացած պատասխանը, թե այդ հարցը հետագայում կքննարկվի:
«Ինչպե՞ս եք տրամադրված այս հարցում և ի՞նչ է նշանակում այն, որ ասում եք՝ հետագայում կքննարկվի», - ասաց Գորգիսյանը:
Ջանջուղազյանն էլ նշեց.
«Դա պետք է ընկալել այնպես, ինչպես գրված է՝ հետագայում կքննարկվի: Ի՞նչ ակնկալել, այն, որ պետք է իրար հետ աշխատենք: Աշխատանքը ոչ միայն առաջարկությունների ներկայացումն է, այլ քննարկումնրին մասնակից դառնալն ու գործընթացներին ինտեգրվելը»:
Նախարարը շեշտեց, որ դա օրակարգային հարց է ու օրակարգային չի դաձել ԼՀԿ առաջարկներից հետո:
«Դա օրակարգային է ոչ միայն քաղաքապետարանի, այլև կառավարության համար: Պետք է հասկանալ՝ օրակարգային հարցին ինչպե՞ս մոտենալ, ո՞ր կողմից, ի՞նչ լուծում տալ: Քննարկումներն ընթացքում են ու ենթադրվում է, որ ինչ-որ ժամանակ հետո դրանք կհանրայնացվեն և լուծումների մասը ևս կդառնա հանրային», - ասաց Ջանջուղազյանը: