05/12/2019 16:11
Վստահ չեմ, որ հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք. Ջանջուղազյանի արձագանքը՝ Բագրատյանի հարցին
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անհասկանալի է համարում կառավարության կողմից առաջանահերթություն հռչակելը տնտեսական զարգացումն ու պաշտպանության ոլորտը, երբ բյուջեով այդ ոլորտների հատկացումները նվազել են։
«Երկուսի դեպքում էլ ամենամեծ նվազեցումներն են արվել: Ավելացվել են մի տեղ, որն ուղղակի անհասկանալի է՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ, ինչը չեմ կարծում, որ համարժեք է պաշտպանությանն ու տնտեսական զարգացումներին», - ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Բագրատյանը՝ դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
Պատգամավորը նաև նշեց, որ ԲՀԿ-ն 46 առաջարկ է արել, որոնցից ոչ մեկը չի ընդգրկվել նախագծում: Պատգամավորն ասաց, եթե նախարարության փաստարկն այն է, որ իրենք նախատեսում են ծախսերն ուղղել ռազմավարական ծրագրերին, ապա իրենք նաև դրա համար ունեն առաջարկներ:
«Ռազմավարական ծրագրով եք ուզում, խնդրեմ՝ բյուջի ծախսային մասի 10 տոկոսը տվեք մենք ձևավորենք, ներկայացնենք հիանալի հիմնավորումներով ու կհամեմատենք մեր արած 10 տոկոսը, ձեր արած 90 տոկոսի հետ», - ասաց Բագրատյանը:
Ի պատասխան Ջանջուղազյանն արձագանքեց.
«Վստահ չեմ, որ հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք, երբ ասում եք «10 տոկոսը տվեք մեզ»: Մի տեսակ ուրիշ տպավորություն է ստեղծվում դրանից: Ի՞նչ 10 տոկոսի մասին է խոսքը, ինչի՞ 10 տոկոսը: Ամեն դեպքում՝ ինձ նման պրակտիկա հայտնի չէ»: