06/12/2019 13:07
Երևանի փոխքաղաքապետն առաջարկում է ավելացնել «Ամանոր 2020» ծրագրի բյուջեն
Նախատեսվում է փոփոխություններ կատարել Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում և նպատակային հատկացումներն ավելացնել 273 միլիոն 797 հազար 100 դրամով։ Հատկացումները նախատեսվում է ուղղել «Ամանոր 2020» ծրագրի շրջանակներում Երևանում իրականացվող միջոցառումների կազմակերպմանը, Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց փոխքաղաքապետից՝ ո՞րն է պատճառը, որ քաղաքապետարանը մեկ անձից գնում է կատարում մի կազմակերպությունից, որն ամիսներ առաջ ուղարկվել է սև ցուցակ։
Հայկ Սարգսյանն ի պատասխան նկատեց, որ «Ֆակտորի փրոդաքշն» կազմակերպությունը սև ցուցակ ուղարկվել է նախորդ գնումներից մեկի ժամանակ։
Հիշեցնենք, որ կառավարության նոյեմբերի 14-ի նիստում որոշվել էր Երևանում «Ամանոր 2020» միջոցառումների իրականացման համար 271 միլիոն դրամ հատկացնել։
Գումարը տրամադրվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որն էլ որպես սուբվենցիա՝ այն կփոխանցի Երևան համայնքին։