06/12/2019 19:10
Եթե սպասվող տնտեսական տարվա «հեղափոխականության» հիմքում այս տարվա ցուցանիշների մեկնաբանության տրամաբանությունն է, պատկերը պարզ է. Փորձագետ
Ազգային ժողովն ընդունեց 2020թ. բյուջեի նախագիծը, որն, ինչպես շարունակում են պնդել իշխանության ներկայացուցիչները, հեղափոխական է, Aysor.am-ի հետ զրույցում, ամփոփելով 2020-ի բյուջեի շուրջ խորհրդարանական քննարկումները, կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:
«Եկող տարվա բյուջեի նախագիծը հեղափոխական չէ, առնվազն այս պահի դրությամբ այն հեղափոխական անվանելը սխալ է՝ ելնելով մի քանի հանգամանքից: Նախ, բյուջեի հիմքում դրված է 4,9 տոկոսանոց տնտեսական աճը, որ ոչ միայն նախորդ իշխանության ժամանակաշրջանի համեմատ միջինից ցածր ցուցանիշ է, այլև՝ 2019թ.: Երկրորդ, բյուջեի ծախսերի բաշխումն ըստ հոդվածների՝ անկախ դրանց ուղղվող գումարի չափից, նույն տրամաբանության մեջ է, ինչ վերջին տարիներին: Այսինքն, ինչպես նախկինում, եկող տարվա բյուջեյով ևս ծախսերի առյուծի բաժինը սոցիալական պաշտպանության ոլորտինն է: Եվ ի վերջո, բյուջեի նախագծով չի երևում հեղափոխական, կառուցվածքային, համակարգված մոտեցումներ, որոնք կլինեն եկող տարվա տնտեսական քաղաքականության հիմքում: Իշխանությունն, ըստ էության, շարունակելու է իրավիճակային կառավարման մշակույթը», - նշեց Լ.Ամիրխանյանը:
Հարցին ի պատասխան, թե որն է համակարգված մոտեցումների բացակայությունը, փորձագետը, որպես օրինակ բերեց ներդրումային քաղաքականության բացակայությունը. ըստ նրա, ներդրում ընդունել-չընդունելու որոշումները կայացվում են այդ պահին ստեղծված իրավիճակից կամ տրամադրությունից ելնելով:
Ըստ Լիլիա Ամիրխանյանի, եթե սպասվող տնտեսական տարվա բյուջեն հեղափոխական է համարվում այն նույն տրամաբանությամբ, ինչպես ներկայացվում են այս տարվա ցուցանիշները, ուրեմն մոտավոր պատկեր կարելի է արդեն ստանալ. «Ե՛վ բերված ներդրումային վիճակագրությունը, և՛ այս տարվա տնտեսական աճը, հեղափոխական տարրեր չեն պարունակում»:
Դիտարկմանը, թե վարչապետը նշում է Հայաստանի գնաճի ամենացածր տեմպերի մասին՝ համեմատած աշխարհի մյուս երկրների հետ, փորձագետն ասաց. «Գնաճի և գնանկման գործընթացները նուրբ են ու ոչ միանշանակ: Տարիներ ի վեր գնաճը եղել է ԿԲ կողմից վարվող քաղաքականություն՝ միտված կայուն պահելու ազգային դրամը: Գնաճի մյուս՝ անկախ գործոնը պայմանավորված է տնտեսական անկայունությամբ: Այն, որ մեր երկրում 2018թ.-ի վերջին նկատվել էր գների աճի բավական բարձր տեմպ, իսկ այս տարի՝ գնանկում, նույն դեֆլյացիան, որի մասին այդքան խոսում են, վկայում է միայն բնակչության եկամուտների անհամաչափության մասին: Այլ խոսքերով ասված՝ բնակչության վճարունակության անկումը շուկային ստիպում է իջեցնել գները: Սա հարցի մյուս կողմն է: Հարցի մեկ այլ կողմ է նշված ցածր գնաճի կառուցվածքի ուսումնասիրությունը»:
Փորձագետը բերեց երկու կարևոր ցուցանիշ՝ սննդամթերքն ու բանջարեղենը: Առաջինի գներն աճել են 2.6 տոկոսով, միրգ բանջարեղենինը՝ համապատասխանաբար 3.5 և մոտ 20 տոկոսով: Գնաճ է նկատվել նաև մակարոնեղենի և հացաբուլկեղենի դեպքում, գնանկում՝ մսի, ծովամթերքի, կարագի, խմիչքների շուկայում, «Կարծում եմ՝ հասկանալի է, թե քաղաքացու բյուջեի վրա ցածր գնաճը ինչ ազդեցություն է թողնում»:
Ըստ փորձագետի, հայտարարվածից ավելի խոսուն է յուրաքանչյուրիս կենսափորձը. «Զգո՞ւմ է քաղաքացին տնտեսական հեղափոխություն իր կյանքում, դժվար չէ պարզել»: