06/12/2019 15:04
Կարևորվել է տարբեր մակարդակներում հայ-մոլդովական երկխոսության ակտիվացումը
Դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չիոքոային: Այս մասին ահյտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր մոլդովացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ պատասխանատու առաքելության մեջ:
Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու պատմական ամուր կապերի վրա հիմնված հայ-մոլդովական հարաբերությունների առավել ամրապնդման և երկկողմ օրակարգի հետագա հարստացման ուղղությամբ: Այս համատեքստում կարևորվել է տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ արտգործնախարարությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով:
Երկուստեք բարձր է գնահատվել մոլդովահայ համայնքի դերը Մոլոդվայի հասարակական-քաղաքական կյանքում և ունեցած ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:
Համագործակցության ավանդական ուղղությունների ակտիվացմանը զուգահեռ նախարարներն ընդգծել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի ներդրման կարևորությունը: Որպես երկկողմ օրակարգի հարստացմանն ուղղված քայլեր՝ կողմերը նշել են միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործումը:
Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարներն արժևորել են բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության առկա մակարդակը: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանին նվիրված նախաձեռնություններին և մտքեր փոխանակեցին ապագայի տեսլականի շուրջ:
Մոլդովայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: