06/12/2019 14:53
«Softline Armenia» կազմակերպությունը գործընկերների համար նախատեսված ամանորյա նվերների գումարը նվիրաբերել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամին
Դեկտեմբերի 6-ին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին այցելել են «Softline Armenia» կազմակերպության ներկայացուցիչները: Կազմակերպությունը որոշել է այս տարի աշխատակիցների և գործընկերների համար նախատեսված ամանորյա նվերների գումարը՝ 500.000 դրամ տրամադրել «Ժպիտների քաղաք» հիմնադրամին քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների խնդիրները հոգալու համար:
«Գումարը, որ պետք է ծախսեինք նվերների գնման և պատրաստման համար, նվիրաբերեցինք քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին միանալ մեր նախաձեռնությանը»,- ասաց «ՍՈՖԹԼԱՅՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ տնօրեն՝ Սարգիս Հարությունյանը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ կազմակերպության աշխատակիցները շրջել են հիվանդասենյակներով, ծանոթացել բուժման պայմաններին և շփվել քաղցկեղ ունեցող փոքրիկների հետ: Էսթեր Դեմիրճյանը նշել է, որ ներկա դրությամբ հիմնադրամը հոգում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 260 շահառուի և նրանց համար ողջ դեկտեմբեր ամսին կազմակերպվելու են բազմաբնույթ հանդիպումներ և տոնական միջոցառումներ: