07/12/2019 12:22
Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է (Լուսանկարներ)
1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) համայնքում հարգանքի տուրք մատուցեց՝ ծաղիկներ խոնարհելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելեց Սպիտակ քաղաք` հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի ավերիչ երկրաշարժից զոհվածների հուշարձաններին:
Սպիտակ քաղաքում ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցին բացվեց ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի (1917-2015 թթ.) հուշարձանը:
31 տարի առաջ այս օրը՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանում խոշորագույն աղետ եղավ. տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:
Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնացին անօթևան։