07/12/2019 12:40
Հայաստանն ունի նվազ պարտքի բեռ ունեցող երկրի գնահատական. ֆինանսների նախարար
2019 թվականի տարեվերջի համար 2019թ. բյուջեի օրենքի քննարկումների ընթացքում կանխատեսված մեծությունից ավելի ցածր պարտք կունենանք արձանագրված, որոհետև համեմատաբար ավելի ցածր կատարման ցուցանիշներ ունենք վարկային միջոցների հաշվին իրականացվող նպատակային ծրագրերի մասով, մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Բացի նրանից, որ կունենանք համեմատաբար ավելի ցածր անվանական ցուցանիշ, կունենանք նաև համեմատաբար ցածր հարաբերական ցուցանիշ՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցության: Եթե 2019-20 թթ. միջնաժամկետ ծրագրով կանխատեսել էինք, որ աստիճանաբար կիջնենք 50 տոկոսի շեմից ներքև, և 2019 թվականին կլինի 50 տոկոսը գերազանցող կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցույթուն, հիմա կարծում ենք, որ այն կլինի 49 տոկոսից ավելի և 50 տոկոսից ցածր», - ներկայացրեց ֆինանսների նախարարը:
Նա նշեց, որ 2020 թվականի հաստատված օրենքով գործառնությունները տեղի ունենալու արդյունքում ակնկալում են, որ ՀՆԱ-ի հարաբերակցությամբ պարտքը կկազմի մոտ 48.2 տոկոս:
Այս ցուցանիշները նախարարը համարժեք համարեց կանխատեսումներին, քանի որ հարկաբյուջետային քաղաքականության նպատակադրումը հենց այդ քաղաքականության վրա է խարսխված եղել:
Բացի այդ, ըստ նախարարի, տարբեր երկրների դասակարգման համար օգտագործվող ցուցանիշների տեսակետից ՀՀ-ն ունի նվազ պարտքի բեռ ունեցող երկրի գնահատական: