09/12/2019 12:54
Շարունակում ենք պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը. առաջիկա շաբաթվա ընթացքում ակցիա կունենանք. ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ
Դաշնակցական երիտասարդները հանձնառու են հզոր, ընկերավար և ժողովրդավար, ազգային արժեքներ կրող պետություն կերտելու գործում, ՀՅԴ երիտասարդական-ուսանողական միության հրավիրած մամուլի ասուլիսին ասաց երիտթևի ներկայացուցիչ Արշակ Մեսրոպյանը։
«Այնպես որ, մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու այս նպատակին», - ասաց Ա. Մեսրոպյանը։
Նա նշեց, որ Երևանում տեղի ունեցած խորհրդաժողովն իր ընդվզումն է արտահայտել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ.
«Խորհրդաժողովը դատապարտեց դրանք, միություններն էլ առանձին հայտարարություններով դատապարտեցին այդ երևույթները»։
ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանն էլ իր հերթին ասաց, որ շարունակելու են իրենց թիվ 1 օրակարգի շուրջ զարգացումները՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում վարվող քաղաքականության վերաբերյալ:
«Շարունակում ենք պահանջել նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Մեր վերջին գործողությունից հետո ոստիկանության կողմից կիրառվեց անհամաչափ ուժ։ Դրա միակ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն էր, ով չգնաց հանդիպման երիտասարդների հետ։ Առաջիկա շաբաթվա ընթացքում մենք կունենանք նմանատիպ ակցիա։ Մեր գործողությունների մասին կտեղեկացնենք», - ասաց նա: