09/12/2019 11:21
Ցավոք սրտի, Հայաստանի պետական միջոցները հարյուր տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ Ազգային ժողովում իր՝ «Ես պետական բյուջեից ոչ մի կոպեկ չեմ գողանում» արած արտահայտությանը։
«Անկեղծ ասած՝ այդ հայտարարությունից հետո ես զգացի, որ որոշակի դիսկամֆորտ ունեմ իմ այդ հայտարարության հետ ու հասկացա, որ, իրականում, այդ հայտարարությունը կիսատության որոշակի էլեմենտ ունի», - ասաց վարչապետը։
Նա լրացրեց այդ հայտարարությունն՝ ասելով, որ, այո, ինքը պետբյուջեից ոչ մի կոպեկ չի գողանում, բայց գիտի, որ, ցավոք սրտի, Հայաստանի պետական միջոցները հարյուր տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում։
«Սա շատ կարևոր արձանագրում է այս հայտարարությունը ամբողջացնելու համար։ Ներառյալ նաև վարչապետի գործունեության հետ կապված պետական ծախսերը ես չեմ կարող հարյուր տոկոս արդյունավետ համարել, ցավոք սրտի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա խոստովանեց, որ այդ հարցն իր օրակարգում է, բայց միշտ չէ, որ դրանով զբաղվել է բավարար ինտենսիվությամբ։
«Ես ուզում եմ ՀՀ քաղաքացիների առաջ ասել, որ ընդհուպ, հազար դրամի մակարդակով պետական ծախսերի արդյունավետության հասնելը մեր ամենօրյա օրակագի հարց է այլևս», - հավելեց ՀՀ վարչապետը։