09/12/2019 12:14
Մեր տնտեսվարողները պետք է ունենան ընդհանուր խաղի կանոններ՝ ԵԱՏՄ շուկա մուտք գործելու և ծառայություններ մատուցելու. ԿԲ փոխնախագահ
Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկեց «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին համաձայնագիրը:
Հիմնական զեկուցող ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը հիշեցրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է դեռևս անցած տարվա նոյեմբերի 6-ին Մոսկվայում՝ կառույցի անդամ երկրների կողմից:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Սերգեյ Բագրատյանը ԿԲ պաշտոնյային հարց ուղղեց՝ այս համաձայնագիրը վավերացնելու դեպքում ինչպիսի՞ ներպետական ընթացակարգեր են նախատեսվում իրականացնել:
«Մինչև 2025 թվականն է ենթադրվում ներդաշնակեցման գործընթացը: Հիմա անդամ պետությունների կարգավորող և վերահսկող մարմինները՝ ի դեմս ԿԲ-երի, իրականացնում են աշխատանքային հանդիպումներ», - ի պատասխան նկատեց Վախթանգ Աբրահամյանը:
Բագրատյանը նաև հետաքրքրվեց՝ շուկայի միասնականացման արդյունքում մենք շահելո՞ւ ենք, թե տուժելու ենք:
«Այս պարագայում ՀՀ օրենսդրությունը ֆինանսական շուկայի կարգավորման առումով հիմնականում հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա, այդ պատճառով էլ մինչ այս պահն էլ կարող եմ ասել, որ քիչ փոփոխությունների է ենթարկվում մեր օրենսդրությունը», - ասաց ԿԲ փոխնախագահը: