09/12/2019 11:43
Չինաստանի հետ նոր համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է առևտրային, զբոսաշրջային փոխանակումների ակտիվացում. Ավետ Ադոնց
Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունները վերջին շրջանում ունեցել են կայուն վերընթաց և զարգացման դինամիկա՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, ԱԺ նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
Նա հիշեցրեց, որ 2019 թվականի մայիսի 14-ին ՀՀ վարչապետի և Չինաստանի նախագահի միջև կայացած հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սովորական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագրերի պահանջի փոխադարձաբար վերացման վերաբերյալ համաձայնագրի շուրջ։
«Այս համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է առևտրային, զբոսաշրջային փոխանակումների ակտիվացում և ներուժի առավել օգտագործում։ Համաձայնագիրը կնպաստի նաև երկկողմ փոխվստահության ամրապնդմանը։ Համաձայանգրի վավերացման դեպքում թե՛ Հայաստանի, թե՛ Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մինչև 90 օր ժամկետով։ Այն քաղաքացիները, որոնք կցանկանան մնալ 90 օրից ավելի, պետք է դիմեն նախապես՝ մուտքի արտոնագիր ստանալու համար», - պարզաբանեց Ավետ Ադոնցը։