09/12/2019 16:29
Մենք ցանկալի դատավորներ չունենք. Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ
Որևէ դատավորի վարույթից հեռացնելու սկզբունքային մոտեցում չունենք, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մարտի մեկի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
«Մենք ցանկալի դատավորներ չունենք, յուրաքանչյուր դեպքում գործը դատավորին մակագրվելու դեպքում մենք, բնականաբար, քննարկում ենք՝ արդյոք հնարավոր համարում ենք այդ դատավոր կողմից տվյալ գործի քննությունը, թե ոչ», - ասաց Գևորգ Բաղդասարյանը։
Դատախազն ասաց, թե չի կարող ասել՝ որևէ դատավոր հիմք ունի՞ խուսափելու այս գործը քննելուց։
«Կարծում եմ՝ այդ հարցը յուրաքանչյուր դատավոր ինքը պետք է իրեն տա՝ խուսափո՞ւմ է, թե՞ ոչ։ Ես սույն գործով մասնակցում եմ որպես մեղադրող ու չեմ խուսափում մասնակցելուց», - ասաց նա։
Դիտարկմանը, թե Քոչարյանի պաշտպանական խումբը պնդում է, որ «այս գործը ջուր է», Գևորգ Բաղդասարյանն արձագանքեց. «Կլինի դատական քննություն, կտեսնենք ինչն է ջուր»։
Նշենք, որ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին։
Մեղադրողի կարծիքով՝ դատավոր Պապոյանն այս գործի քննության ընթացքում չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։
Մասնավորապես, դատախազը հղում էր արել 2019-ի մայիսի 21-ին Armlur.am կայքի մի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ «Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում եղել է Մխիթար Պապոյանը»։
Մխիթար Պապոյանն այսօր բավարարեց ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քններ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը: