10/12/2019 16:49
Երևանում դանակահարված աշակերտի վիճակը միջին ծանրության է. ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում
Երևանում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ դանակահարված աշակերտի վիճակը միջին ծանրության է, Aysor.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերզյանը։
«16-ամյա դանակահարված տղան տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք: Նրա մոտ առկա է որովայնի առաջնային պատի կտրած-ծակած չթափանցող վերք, ինչպես նաև աջ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք», - ասաց նա։
Ոստիկանությունից Aysor.am-ին տեղեկացրեցին, որ 11-րդ դասարանցիների միջև անհիմն ծագած վեճը հանգուցալուծվել է մասնակիցներից մեկի դանակահարությամբ։
«Հանցագործության գործիքն ու կասկածյալը հայտնաբերվել են։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր», - ասացին ոստիկանությունից։
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում: