11/12/2019 11:49
«Կծեփենք պատերին և կփռենք ասֆալտին» բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության և ցնծացող «պողոսների» թերարժեք հոգեվիճակի մասին. Քոչարյան (Hraparak)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե պատրաստ է իր նախագահության վերաբերյալ առողջ քննադատությանը, նաև նշել է, թե հեգնանքը նրանում է, որ մեղադրանքները, որպես կանոն, ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ։
«Այն, ինչի համար ինձ կարելի է և արժե քննադատել, չի հիշատակվում ընդհանրապես: Մենք համբերատար բացատրում ենք մարդկանց տեղի ունեցողի էությունը: Մեր գնահատականներով՝ մարդկանց վերաբերմունքը բառացիորեն օրըստօրե փոխվում է: Եկել է տեղի ունեցողի սթափ վերաիմաստավորման և վերագնահատման փուլը, իսկ իշխանությունների ապաշնորհությունն այդ գործընթացի լավագույն խթանիչն է», - թերթի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է, որ համաձայն Gallup-ի վերջին հարցումների՝ 140 հետազոտված երկրների մեջ Հայաստանի բնակչությունն ամենազայրացածն է։
«Առաջ ենք անցել նույնիսկ պատերազմից ավերված Իրաքից: Դա իշխանությունների ուղղակի «վաստակն» է, որ արմատավորում են ատելությունն ու չարությունը՝ որպես քաղաքական գործիք: Չարացած վիճակում գտնվող մարդիկ ավելի են ենթակա մանիպուլյացիաների և պատրաստ են իրենց դժգոհությունը կյանքից ուղղել ցանկացած մեկի վրա՝ մնում է միայն մի հակահերոս նշանակել: «Կծեփենք պատերին և կփռենք ասֆալտին» բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության և ցնծացող «պողոսների» թերարժեք հոգեվիճակի մասին:
Դա ցանկացած «հեղափոխական» պրոպագանդայի պտուղներից մեկն է և լավ ուսումնասիրված է սոցիալական հոգեբանության կողմից: Մարդկանց իռացիոնալ վարքում բանական պատճառահետևանքային կապեր փնտրելն անիմաստ է: 1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին և ընդհանրապես՝ ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ: Ցանկացած նախագահ ունի քաղաքական հակառակորդներ, որոնք կարող են իրենց կողմնակիցներին ապակառուցողական էմոցիաներ հաղորդել: Սակայն այդպիսի էմոցիաներն արդյունքում շրջվում են հենց այդ տրամադրությունները ստեղծողների դեմ: Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել», - ասել է երկրորդ նախագահը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: