12/12/2019 17:07
ՄԱԿ-ի տարբեր առաքելություններում ներգրավված աշխատակիցները կիսում էին Հայաստանի քաղհասարակության կողմից ներկայացված մտահոգությունները. Սիրանուշ Սահակյան
Դեկտեմբերի 11-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի՝ Հայաստանի մասով նախնական նիստը, որի շրջանակում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը հանդես է եկել ելույթով ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Հայաստանը ՄԱԿ-ի շրջանակներում վավերացրել է մարդու իրավունքներին առնչվող մի շարք փաստաթղթեր, որոնցով ստանձնած պարտավորությունների կատարումը ենթարկվում է պարբերական վերանայման, և երեկ հերթական վերանայմանը նախորդող նախնական նիստն էր, որի շրջանակում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ՄԱԿ-ի մշտական առաքելություններին ներկայացնում էին երկրում առկա խնդիրները։
«Այս նիստի շրջանակում այլ անդամ պետությունները, որոնք կիսում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգությունները, կարող են պետությանը առաջարկներ ներկայացնել, որոնք համընդհանուր պարբերական վերանայման շրջանակներում վերջնական հաստատման դեպքում դառնում են հանձնարարականներ, որոնք հաջորդող 4 տարիների ընթացքում պետությունը պետք է կատարի», - ասաց Սահակյանը։
Հայաստանից ներկա են եղել մի շարք բանախոսներ։ Սիրանուշ Սահակյանն անդրադարձ է կատարել դատական համակարգին.
«Շեշտադրել եմ դատական համակարգի անկախությունը, դեռևս նախորդ տարիներից առաջարկ էր եղել ամրապնդել դատարանների անկախությունը, և թեև սահմանադրական բարեփոխումները ինստիտուցիանալ և օրենսդրական տեսանկյունից բավարար նախադրյալներ էին ստեղծել, մենք պրակտիկայում ունեցանք շատ ավելի վատթարացող զարգացումներ։ Անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական դատարանի շուրջ եղած զարգացումներին, նախապատմությունը և ներկա մտադրություններն են ներկայացվել՝ սկսած Վահե Գրիգորյանի ներդրումից ՍԴ, օրինական կազմի լիազորությունները վիճարկելուց, որը նաև քննադատության արժանացավ միջազգային կառույցների կողմից, մինչև ներկա շրջանառվող թեմաները, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով հասնեն Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միաձուլմանը և դրանով լուծեն ներկա ՍԴ կազմի փոփոխության հարցը»։
Սիրանուշ Սահակյանն առաջարկ է ներկայացրել, որպեսզի ՄԱԿ շրջանակներում դատավորների և իրավաբանների անկախության հարցերով զբաղվող Հատուկ զեկուցողն այցելություն կատարի ՀՀ և տեղում վերը նշված փաստերը հանգամանալից ուսումնասիրելու միջոցով զեկույց ներկայացնի ՄԱԿ-ին։
«Եթե ՀՀ-ն հրաժարվի ընդունելուց, սա քաղաքականապես մեծ հեղինակության վնաս կպատճառի Հայաստանին ՄԱԿ-ի շրջանակներում։ Եթե Հայաստանը հրավերքը տրամադրի, բայց Հատուկ զեկուցողն անգործության մատնվի, ինքը կհեղինակազրկի հենց ՄԱԿ-ի կառույցը, որովհետև Հատուկ զեկուցողը համարվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում գործող մեխանիզմ։ Այդ դեպքում կստացվի, որ ՄԱԿ-ը ստեղծում է մի մարմին, որը չի հարգում իր իսկ հանձնարարականները։ Սա ամբողջովին կհեղինակազրկի այդ հաստատությանը։ Հետևաբար, իմ խնդիրն էր այս ահազանգող իրավիճակի մասին տեղեկացնել համընդհանուր պարբերականի աշխատանքային խմբին, որպեսզի հետևողականություն ցուցաբերեն և արդեն իսկ տրված հանձնարարականի կատարմանը հասնեն», - ներկայացրեց Սիրանուշ Սահակյանը։
Ինչ վերաբերում է արդյունքներին, Ս. Սահակյանն ասաց, թե եթե գործընթացում փաստահավաքությունը բավարարի ընդունված չափանիշներին՝ օբյեկտիվություն, անաչառություն, բոլոր շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներ և մեթոդաբանական տեսանկյունից խնդիրներ չունենա, ապա ինքը վստահ է, որ նրանք կկարողանան փաստագրել առկա խնդիրները դատավորների և իրավաբանների անկախության մասով։
«Երկրի առնչությամբ կներկայացվի հատուկ զեկույց, և այդ հատուկ զեկույցի շրջանակներում արդեն, պետության հետ խորհրդակցելով, աշխատելով, պետք է հասնեն զեկույցում տեղ գտած մտահոգությունների լուծմանը», - ասաց Ս. Սահակյանը։
Նրա խոսքով՝ բավական փորձառու են ՄԱԿ-ի տարբեր առաքելություններում ներգրավված աշխատակիցները, որոնք մասնակցում են տարբեր երկրների քննարկումներին.
«Նրանք բազմիցս են ականատես եղել, թե ինչքան խորը խզում կարող է լինել բարձր քաղաքական մակարդակում կատարվող հայտարարությունների և իրականության մեջ։ Թեև այդ հայտարարությունները լսում են և կուզենային մեր երկրում այդ փոփոխությունները տեսնել, վերջիններս սնահավատ չեն և ընթացող զարգացումների իրական ենթատեքստը կարողանում են կարդալ, պարզապես ժամանակը ևս գործոն է, որը վերջնականորեն ցույց կտա, թե այդ հայտարարությունները պարզապես մնում են պոպուլիստական միջոցներ, թե կյանքի են կոչվում։ Այո, վերջիններս մտահոգությունները կիսում էին, որ թեև հայտարարություններ կատարվում են, բայց միշտ չէ, որ բարեփոխումները հաջորդում են ձևավորված այդքան մեծ սպասումներին։ Բոլոր դեպքում, այդ առաքելությունները հենվելու են փաստերի վրա»։