12/12/2019 11:43
ՀՀԿ պատվիրակության ներկայությունը դուր չի եկել Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանին
Օրերս Թբիլիսիում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` Եվրանեսթի լիագումար նստաշրջանը, որին մասնակցում էր նաև հայկական պատվիրակությունը։ Եվ, ինչպես գրում է hraparak.am-ը, բավականին հետաքրքիր միջադեպ է գրանցվել. ԵԺԿ ֆրակցիայի նիստին հրավիրված է եղել նաև ՀՀԿ պատվիրակությունը` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:
Դա դուր չի եկել Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանին, ով գրավոր բողոք է ուղարկել Եվրանեսթի քարտուղարությանը` Աշոտյանի մասնակցության մասով, ինչին ի պատասխան՝ քարտուղարությունից նրան տեղեկացրել են, որ որևէ քաղաքական պատվիրակություն, այդ թվում՝ քարտուղարությունը, իրավունք չունի միջամտելու եվրոպական ընտանիքների կուսակցությունների ֆրակցիաների աշխատանքին, և բացառապես ԵԺԿ-ի մենաշնորհն է` ում հրավիրել:
Հարցին, թե ինչու է նման բողոք հղել քարտուղարությանը, Գայանե Աբրահամյանն ասաց. «Ես բողոք չեմ ներկայացրել, պարզաբանում եմ խնդրել, որովհետև բոլոր հրավիրվողների համար պետք է լինի Եվրանեսթի բյուրոյի որոշում, որի անդամ եմ նաև ես։ Նամակ եմ ուղարկել, որը որևէ կերպ բողոք չէր պարունակում, և փորձում էի հասկանալ, թե ինչ կարգավիճակով է այնտեղ լինելու Արմեն Աշոտյանը»: Ի՞նչ պատասխանեցին Ձեզ։ «Թե՛ իմ ուղարկած նամակը, թե՛ պատասխանը գաղտնի չեն. ասացին` որևէ մեկը բյուրոյից Արմեն Աշոտյանին հրավեր չի ուղարկել, և եթե որևէ տարբերակ Աշոտյանն ունի այնտեղ լինելու, ԵԺԿ նիստին մասնակցելն է»:
Աշոտյանի ներկայությունը Ձեզ անհանգստացնո՞ւմ էր։ «Բոլորովին. ես ընդամենը ցանկացել եմ, որպես բյուրոյի անդամ, պարզաբանում ստանալ հրավիրյալների մասին»: