12/12/2019 14:51
Ալժիրում նախագահ են ընտրում
Ալժիրում մեկնարկել են նախագահի ընտրությունները: Ընտրատեղամասերը բացվել են հինգշաբթի առավոտյան ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով 11:00-ին): Այդ մասին հայտնել է Ալժիրի APS լրատվական գործակալությունը:
Ալժիրի նախագահի ընտրությունների առաջին փուլն անցկացվում է բողոքի չդադարող զանգվածային ակցիաների ֆոնին. չորեքշաբթի հազարավոր ալժիրցիներ էին դուրս եկել ցույցի, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն ընտրությունների անցկացմանն այն պայմաններում, երբ երկիրը ղեկավարում են «հին ռեժիմի» ներկայացուցիչները:
Ընդամենն Ալժիրի բարձրագույն պետական պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու: Նրանք բոլորը բարձր պաշտոններ են զբաղեցրել նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի կառավարման ժամանակաշրջանում, ինչը հարուցում է բազմաթիվ ալժիրցիների դժգոհությունը: Առավել ուժեղ թեկնածու է համարվում նախկին վարչապետ, «Թալայիա ալ-Խուրիաթ» կուսակցության ղեկավար 75-ամյա Ալի Բենֆլիսը:
Ալժիրի իշխանությունները հույս ունեն, որ ընտրությունները վերջ կդնեն երկրում քաղաքական անկայունության ժամանակաշրջանին, որը նա ապրում է այս տարվա փետրվարից: Հզոր ժողովրդական բողոքների արդյունքում գրեթե քսան տարի իշխանության գլուխ գտնված Աբդելազիզ Բուտեֆլիկան ստիպված եղավ վաղաժամկետ հրաժական տալ ապրիլի 2-ին: Ալժիրի ժամանակավոր ղեկավարը, Սահմանադրության համաձայն, 90 օրով դարձավ խորհրդարանի վերին պալատի խոսնակ Աբդելքադեր Բենսալահը: