12/12/2019 10:18
«168 ժամ». Փաշինյանը ցանկանում է վերադարձնել ԼՂ բանակցությունների այն ֆորմատը, որը կար Տեր-Պետրոսյանի ժամանակ. Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «168 Ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը՝ ասել է. «Մինչև հիմա հայկական կողմը բովանդակային քննարկումների մեջ, նկատի ունեմ՝ Փաշինյանի օրոք, թավշյա հեղափոխությունից հետո, չի մտել և դրա համար ունեցել է նաև որոշակի հիմքեր: Այդ հիմքերը կապված են այն հանգամանքի հետ, որ բանակցությունների այն ձևաչափը, որը ժառանգել էր Նիկոլ Փաշինյանը, իր հագով չէ: Ինքը ցանկանում է վերադարձնել այն ֆորմատը, որը ձևավորվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ:
Ընդ որում՝ Լևոն Տեր-Պետրոսյանին հեշտ չտրվեց այդ ձևաչափը ձևավորելը, որովհետև 1992 թվականին, երբ ԵԱՀԿ-ն սկսեց այդ խնդրին անդրադառնալ, դեռ ոչ ոք Ղարաբաղը չէր ճանաչում՝ որպես հակամարտության կողմ, և բանակցությունները գնում էին Հայաստան-Ադրբեջան ձևաչափով, բայց երկարատև դիվանագիտական աշխատանքից և ռազմական հաջողություններից հետո 1994 թվականին հաջողվեց հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվեց որպես ինքնուրույն բանակցող և հակամարտության կողմ ԵԱՀԿ-ի հայտնի գագաթաժողովի ժամանակ, ինչը ես համարում եմ մեր ամենամեծ նվաճումը, քանի որ դրա շնորհիվ Լեռնային Ղարաբաղը մեկ քայլ առաջ արեց դեպի իր անկախության միջազգային ճանաչում»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: